ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ ՀՀ ԶՈՒ զինծառայողը, համացանցի միջոցով ծանոթանալով կին օգտատերերի հետ, տարբեր պատրվակներով նրանցից գումար է շորթում:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից ս/թ մայիսի 3-ին իրացնելով ստացված օպերատիվ տվյալները պարզվել է, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակից կրտսեր սերժանտ Ա. Տ.-ն «Ֆեյսբուք» սոցիալական կայքի միջոցով այլ օգտատիրոջ անվան տակ 2020թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին ծանոթացել է քաղաքացի Ա. Ա.-ի հետ՝ ներկայանալով որպես Հայաստանի Հանրապետության մարզերից մեկում գտնվող բուժհաստատության բժիշկ, վստահությունը չարաշահելու եղանակով, տարբեր պատրվակներով քաղաքացի Ա. Ա.-ից 2020թ.-ի ապրիլ ամսին ստացել է ընդհանուր 100.000 ՀՀ դրամ գումար:
Կասկածներ կան, որ կրտսեր սերժանտ Ա. Տ.-ին նման եղանակով հնարավոր է գումարներ փոխանցած լինեն նաև այլ օգտատերեր: Նման քաղաքացիներին ռազմական ոստիկանությունը խնդրում է դիմել իրենց։
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր: