Իսպանիայի Կոնգրեսի 27 պատգամավոր և Սենատի 13 անդամ, ինչպես նաև տարբեր ինքնավար համայնքների խորհրդարանների և քաղաքային խորհրդի 60-ից ավելի անդամներ Իսպանիայի կառավարությանը խնդրում են միջամտել բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման հարցում։
Հայտարարության տեքստում մասնավորապես ասվում է․
«2020 թ․ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հրադադարի համաձայնագրից 6 ամիս անց Բաքվի ռեժիմը դեռևս հրաժարվում է կիրառել նրա հիմնական հումանիտար դրույթներից մեկը՝ ռազմագերիների ազատ արձակումը։ Համաձայն ստացված տեղեկությունների՝ Ադրբեջանում գերության մեջ են գտնվում 200-ից ավելի հայ զինվորներ։ Փետրվարի 26-ին մամլո ասուլիսի ընթացքում նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ նրանց համարում է ահաբեկիչներ՝ մեկնաբանելով, որ նրանք ձերբակալվել են նոյեմբերի 9-ից հետո։ Սակայն իրականությունն այն է, որ այդ ժամանակ զինվորները շրջափակման մեջ են եղել Հադրութում։ Այս հատվածը պաշարված էր Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի և ջիհադիստ վարձկանների կողմից, սակայն համաձայնագրի ստորագրման պահին գրավված չի եղել։
Համաձայնագրի այս կոպիտ խախտումը ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի կատարում իր պարտավորությունները։ Նրա համար առաջնային է հայերի նկատմամբ ատելությունը, որոնց խոստացել է «որսալ, ինչպես շների»։ Հիշեցնենք, որ նա և իր դաշնակիցներն էին, որ պանթուրքիզմի անվան տակ 44 օրերի ընթացքում ռազմական ագրեսիա իրականացրին Լեռնային Ղարաբաղում։ Ռմբակոծությունները, հարձակումները և մահապատիժները հանդիսացան մեծամասամբ 20-ամյա 3500-ից ավելի հայ զինվորների մահվան պատճառ, տասնյակ հազարավոր մարդիկ դարձան փախստականներ և ներքին տեղահանվածներ։ Փաստեր են, որոնք կոտրում են իրենց իսկ պատմական տարածքներում բնականոն կյանքին վերադառնալու հայ ժողովրդի հույսը՝ Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց։
Այս հակամարտության ընթացքում Ադրբեջանը կատարել է տարաբնույթ ռազմական հանցագործություններ։ Կան տարածված բազմաթիվ տեսանյութեր, որտեղ տեսնում ենք հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց մահապատժի և անմարդկային տանջանքների ենթարկելը, անգամ՝ դիակների անդամահատումները։ Այս ամենը հաշվի առնելով՝ սարսափել կարելի է, թե ինչպես են վարվում նրանց հետ, ովքեր այս պահին գտնվում են այդ նավթային բռնապետության քմահաճույքի ներքո։ Չպետք է մոռանալ, որ այս ռեժիմը մոլորակում վերջիններից մեկն է համարվում Freedom House- ի կողմից վերջերս հրապարակված ազատության և ժողովրդավարության զեկույցում։ Այս որակումը բազմիցս տրվել է նաև մարդու իրավունքներին առնչվող տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից ։ «Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպությունը նույնպես մամուլի ազատության վարկանիշային ցուցակում 180 երկրների շարքում Ադրբեջանին հատկացրել է 168-րդ տեղը։Մի պետություն, որ լիդեր է հանդիսանում մարդու իրավունքների խախտման հարցում։
Ցավոք սրտի, ԵԱՀԿ Մինսկի խումբը չկարողացավ կանխել պատերազմը կամ պաշտպանել նրանից զոհերին, սակայն պետք է գոնե ունակ լիներ ապահովել, որպեսզի հարգվեր հրադադարի համաձայնագրի հումանիտար կետը։ Այս կետի իրագործումը նախապայման է բանակցային ճանապարհով վերջնական խաղաղության հասնելու համար։ Իրավունքը պետք է գերիշխի բռնությանն այս տարածաշրջանում, որը չի կարող լքված մնալ բարբարոսության և տոտալիտարիզմի պայմաններում։
Վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված՝ մենք՝ ներքոստորագրյալներս, խնդրում ենք Իսպանիայի կառավարությանը, որպեսզի օգտագործի իր ողջ կարողությունը և միջազգային ազդեցությունը՝ հայ ռազմագերիների ազատ արձակմանը հասնելու համար»։