«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում նախապատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների. ի՞նչ կանխատեսումներ կան։ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի հետ։
«Կանխատեսումը պարզ է: Բազմաչարչար հայ ազգը չի կարող այս ընտրություններում ճիշտ որոշում կայացնել, որովհետեւ նրանց դա թույլ չեն տա անել նրանք, ովքեր անամոթաբար եւ հանցավոր կերպով շահարկում են ընտրական գործընթացը,- հայտարարեց Պետրոսյանը՝ հավելելով։- Ի վերջո ներկա պահի դրությամբ կա մրցակցող երկու կերպար՝ Նիկոլ Փաշինյանը՝ որպես իշխանություն, եւ Ռոբերտ Քոչարյանը՝ որպես ընդդիմություն:
Մնացածը, այսպես կոչված, փչացնողներն են: Հասարակությունն ամեն դեպքում ընտրություն է կատարելու Փաշինյանի եւ Քոչարյանի ուժերի միջեւ, սակայն այդ երկրորդ խմբում դուք չեք տեսնի Սերժ Սարգսյանին իր ՀՀԿ-ի հետ: Սերժ Սարգսյանի եւ նրա ուժի ակտիվ մասնակցությունն առաջիկա ընտրություններին հենց առարկայական է դարձնում հասարակության մտավախությունը՝ «նախկինների վերադարձի» հետ կապված:
Սերժ Սարգսյանը, նրա ՀՀԿ-ն եւ մյուս կուսակցությունը՝ Արթուր Վանեցյանի «Հայրենիքը», կկտրեն Ռոբերտ Քոչարյանի էլեկտորատի պոտենցիալը: Քոչարյանը պետք է հրապարակային հեռու մնա այն ճամբարից, որը Հայաստանն ու Արցախը բերել է ողբերգության: Սակայն ցանկանում եմ ընդգծել, որ ամենագլխավոր հարցն այսօր հետընտրական ապակայունացում թույլ չտալն է: Կարեւոր է, որ հունիսին տեղի ունենալիք ընտրությունները դառնան հայաստանյան հասարակական-քաղաքական մթնոլորտի կարգավորման նախաբան»»։