Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Թվիթերի իր էջում օգտագործել է «ցեղասպանություն» բառն՝ արձագանքելով Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագրի ընդունմանը, ապա, մի քանի րոպե անց, հեռացրել գրառումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է հունական Greek City Times կայքէջը՝ հրապարակելով Թուրքիայի պաշտպանության նախարարության «Թվիթեր»-ի գրառման սքրինշոթը:
«Մենք մերժում և չենք ճանաչում Լատվիայի խորհրդարանի որոշումը ցեղասպանության մասին», — գրված էր Թուրքիայի ՊՆ թվիթերի էջում:
Greek City Times-ը նշում է, որ սա, թերևս, առաջին դեպքերից մեկն է, երբ Անկարան օգտագործում էր «ցեղասպանություն» եզրույթը, ինչից սովորաբար խուսափում է, և հատկապես անսովոր է, քանի որ այն օգտագործել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
Լատվիան պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը հայտնել է, որ կողմ են արտահայտվել Լատվիայի խորհրդարանի 100 անդամներից 58-ը: