ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ընտրական հանցագործությունների արարքները կոնկրետացնող, իսկ պատիժները խստացնող օրնագիծն այլևս օրենք է:
Մայիսի 7-ին ուժի մեջ է մտել ԱԺ կողմից ընդունված ՀՀ քրեական օրենսգրքում և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը, որը խորհրդարանն ընդունել էր ապրիլի 28-ին։
Ըստ այդմ,
1․ ընտրակաշառք տալը կամ խոստանալն այլևս ծանր հանցագործություն է։ Ի դեպ, կապ չունի ընտրակաշառքը դու անձամբ ես տվել կամ խոստացել, թե միջնորդի միջոցով է արել, էական չի ընտրակաշառքը ինչպես է ձևակերպվել՝ կատարողը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:
2․ նախընտրական քարոզչություն կատարելուն հարկադրելը կամ խոչընդոտելը պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տար։
3․ Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը, հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ նյութապես շահագրգռելը քարոզարշավի ժամանակաշրջանում պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամկետով:
4. տեղամասային կենտրոնում կամ դրա տարածքում բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամկետով:
Այս ամենն ինչու եմ գրում. բոլոր նրանք, ովքեր այս օրերին զբաղված են իրենց ընտրակեղծարարների հին բանդաները վերակենդանացնելու փորձեր կատարելով, թող հույս չունենան, և բախտները չփորձեն, պատժվելու են:
Հետո չասեք՝ չենք զգուշացրել…»: