Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունն, ի պատասխան երկրում ամերիկյան ռազմաբազաների հավանական տեղակայման մասին լուրերի, տեղեկացնում է, որ «Ուզբեկստանի պաշտպանական դոկտրինը չի նախատեսում երկրում օտարերկրյա ռազմական բազաների տեղակայում»։
Այս մասին Ուզբեկստանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը։
Մոտակա ամիսներին Աֆղանստանից ամերիկյան զորքի դուրսբերումից հետո ԱՄՆ-ի՝ Կենտրոնական Ասիայում գտնվող ուժերն ու սպառազինությունը տեղակայելու նոր վայր փնտրելու մասին մայիսի 8-ին գրել է The Wall Street Journal ամսագիրը։ Ամերիկացի անանուն պաշտոնյան ամսագրին հայտնել է, որ այս առումով Միացյալ Նահանգներն առաջնահերթություն է տալիս Ուզբեկստանին ու Տաջիկստանին։ Այս երկրները սահմանակցում են Աֆղանստանին, ինչի շնորհիվ կհեշտանար ԱՄՆ անմիջական միջամտությունն այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին։
Սակայն Ռուսաստանի և Չինաստանի ռազմական ներկայությունն ու աճող ազդեցությունը տարածաշրջանում բարդացնում է Կենտրոնական Ասիայում ամերիկյան ռազմաբազաների տեղակայման հարցը։ Աղբյուրը հիշեցրել է, որ Աֆղանստանում պատերազմին իր մասնակցության սկզբում ԱՄՆ-ն արդեն մեկական ռազմաբազա ուներ Ուզբեկստանում և Ղրղզստանում։ Սակայն 2005 թվականին ամերիկացիները լքեցին Ուզբեկստանը, իսկ գրեթե տաս տարի անց՝ Ղրղզստանը։
Նշենք, որ Ուզբեկստանում օտարերկրյա ռազմաբազաների տեղակայման անընդունելիության մասին երկրի ՊՆ-ն հայտարարել էր նաև մայիսի 5-ին՝ կապված մինչև 2025 թվականը Ուզբեկստանի և Ռուսաստանի միջև ռազմական ոլորտում ռազմավարական գործընկերության ծրագրի ստորագրումից հետո տարածված այն լուրերի հետ, թե հնարավոր է ռուսական զորքերի մուտք Ուզբեկստան, ինչպես նաև Ռուսաստանի ռազմական բախումներին Ուզբեկստանի միջամտություն։
Ուզբեկստանի ՊՆ-ն մեջբերել էր երկրի պաշտպանական դոկտրինի 10-րդ կետը, որում ասվում է. «Ուզբեկստանի Հանրապետության քաղաքականությունը պաշտպանության ոլորտում հիմնված է հետևյալ սկզբունքների վրա.
- իր տարածքում օտարերկրյա ռազմական բազաների և օբյեկտների անընդունելիություն;
- Զինված ուժերի չմասնակցություն խաղաղապահ գործողություններին և ռազմական բախումներին արտերկրում»։
Հավելենք, որ Ուզբեկստանը մինչև 2012 թվականը «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության» (ՀԱՊԿ) անդամ երկրներից էր։
razm.info