Սյունիքի մարզի Սև լճի մոտ իրավիճակը չի փոխվել, այս պահին ևս բանակցություններ ընթանում են։ Այդ մասին 24News-ին հայտնել է պաշտպանության նախարարությունը։
Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն էլ իր հերթին Tert.am-ին հայտնել է, որ ադրբեջանական կողմի հետ բանակցությունները նախատեսված են ժամը 12:00-ին։
Ավելի վաղ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը ևս 24News-ին հայտնել էր, որ գիշերվա ընթացքում իրավիճակ չի փոխվել, ադրբեջանցիները հետ չեն գնացել, մերոնք էլ են տեղում եղել, սակայն չէր մանրամասնել, թե կոնկրետ ովքեր են եղել տեղում, և արդյոք Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովն անձամբ մասնակցե՞լ է բանակցություններին։
Հիշեցնենք՝ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ փորձելով պարփակել Սև լիճը, թշնամին մի քանի կիլոմետր առաջ է եկել, քանի որ բնագծի այդ հատվածում հայկական դիրքեր չեն եղել։ Հայկական կողմը ռուս խաղաղապահների հետ բանակցություններ է վարել, որպեսզի ադրբեջանցի զինվորականները հետ քաշվեն։
Մայիսի 12-ի ուշ երեկոյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել, որի ժամանակ հայտարարել է, որ հայկական կողմը որևէ կերպ չի կարող հանդուրժել ու համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, և միաժամանակ հորդորել այս իրավիճակում պահպանել սառնասրտություն։