Եթե Սյունիքի տարածքներից թշնամին չհեռանա, պետք է պատրաստ լինենք ռազմական գործողությունների. փորձագետ. Tert. am

 Դեռևս հունվար-փետրվար ամիսներին կանխատեսել էի, որ այս ժամանակահատվածում հակառակորդը հնարավոր է իրականացնի նման գործողություններ, չպետք է այս իրադարձությունները մեր համար անսպասելի լինեին, մենք պետք է առավելագույնը պատրաստված լինեինք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնաով Սյունիքում հակառակորդի կողմից ՀՀ սահմանը հատելուն և 3.5 կմ առաջ գալուն:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ գործողությունները ռազմական բնույթ կրեն, Հովհաննիսյանն ասաց.

«Մենք պարտավոր ենք պատրաստ լինել նաև նման սցենարի, պետք է մշակենք ռազմական օպերացիա, եթե վերջնագրի ժամկետներով այդ տարածքներից չեն հեռանում, մենք պարզապես պարտավոր ենք իրականացնել պետության գործառույթը, այն է՝ պահպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը: Պետք է մշակվի ռազմական դոկտորինա, որ նման իրավիճակում, կարճաժամկետ ռազմական գործողությունների արդյունքում ինչպիսի հետևանքներով պետք է ունենանք գործողությունների շարք: Այնպես որ կարճաժամկետ ռազմական տարբերակով հարցի լուծում տան»:

Անդրադառնալով բարձունքի կարևորությանը և ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանն առ այն, որ դա չպահպանվող բարձունք է և այդպիսիք շատ կան, Հովհաննիսյանը պատասխանեց՝ ռազմավարական կարևոր բարձունք է համարվում նաև այն բարձունքը, որտեղից երևում է հակառակորդի ռազմավարական նշանակության օբյեկտը. «ՀՀ-ում չկա մի բարձունք, որ ռազմավարական նշանակություն չունենա: Ես կարծում եմ՝ մենք պետք է վերջ տանք այն հռետորաբանությանը, փափուկ բարձի քաղաքականությանը, որ լավ, աղմուկ մի բարձրացրեք, եղածը եղել է: Ոչ, մենք պետք է ատամներով պահպանենք ՀՀ ամեն սանտիմետր, իսկ պահպանումը նաև դատապարտումն է հակառակորդի գործողություններին: Այդ տարածքից ոչ միայն Գորիս-Սիսիան ճանապարհն է, այլև Սիսիանի օդանավակայանը ևս տեսանելիություն է ապահովում, այդ բարձունքը ՀՀ-ի համար ռազմավարական առումով շատ կարևոր նշանակություն ունի: Իրականում ինձ մոտ էլ հարց է առաջանում՝ ինչո՞ւ են այդ տարածքները թողել առանց վերահսկողության և մի բան էլ հայտարարում են, կարծես թե, արդարացնելով, որ այն անցել է հակառակորդի վերահսկողության տակ»:

 

Հովհաննիսյանը նշեց՝ իր կանխատեսմամբ՝ ռազմական գործողություններ կարող են լինել նաև ընտրություններից հետո, քանի որ Ադրբեջանը փորձ է անելու հասկանալ, թե նոր ընտրություններով ձևավորված իշխանություններն ինչպիսի՞ տրամադրվածություն և կարողություններ ունեն. «Կարծում եմ, որ այնուամենայիվ կարճաժամկետ, դրվագային գործողություններ տեղի կունենան: Իսկ եթե խոսքը վերաբերում է կոնկրետ Սև լճին, եթե վերջնագրերն իրենց արդյունքը չտան, ապա միակ ճանապարհը մնում է ռազմական գործողությունը»: