Համադրելով վերջին օրերի տեղեկատվությունը ՀԱՊԿ-ի մասով
Սյունիքի ու Գեղարքունիքի հատվածում ադրբեջանական զինուժի սահմանային ներխուժումից հետո, մայիսի 13-ին, ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը մանրամասն ներկայացնում է Սյունիքի մարզի տարածքում ադրբեջանական կողմի հրահրած սադրիչ գործողությունները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը՝ ՀԱՊԿ մասնակից պետությունների մայրաքաղաքներին իրավիճակի մասին տեղեկություններ փոխանցելու նպատակով: Հայաստանի ներկայացուցիչը մասնավորապես հայտարարում է, որ «հնարավորինս արագ և ողջամիտ ժամկետներում Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումների՝ Հայաստանի տարածքից հետքաշումը չիրականացնելու դեպքում իրավիճակի հետագա էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:»
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույցներ է ունենում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ՝ քննարկելով ստեղծված իրավիճակը։ Այդ օրը կազմակերպության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ «ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են Հայաստանի Սյունիքի մարզի սահմանային իրավիճակի զարգացմանը և իրավիճակի զարգացումից ելնելով` անհրաժեշտության դեպքում գործողություններ կկիրառվեն՝ համապատասխան հավաքական անվտանգության պայմանագրի դրույթներին ու ՀԱՊԿ-ի կանոնադրությանը, հայտարարել է ՀԱՊԿ-ը։»
Նույն օրը՝ մայիսի 13-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության ԱԽ նիստում ՀՀ վարչապետը տեղյակ է պահում, որ «Ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է ՀԱՊԿ հոդված 2-րդի 2-րդ պարբերությանը, համաձայն որի «մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը` իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»։ Կամ նույն օրը երեկոյան կամ հաջորդ օրը՝ մայիսի 14-ին Հայաստանը պաշտոնապես ուղարկում է նամակը ՀԱՊԿ նախագահող երկրին՝ Տաջիկստանին։
Մայիսի 15-ին Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոդժիդին Մուխրիդինը հեռախոսազրույց է ունենում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում վերջինս հայտնում է, թե «ադրբեջանական սահմանապահները գտնվում են Ադրբեջանին պատկանող դիրքերում, և դա իրականացվում է սովորական ռեժիմով ու սիստեմատիկ», որ «ավելի վաղ կային որոշակի տարաձայնություններ, որոնք լուծվել են բանակցությունների միջոցով» և «բանակցություններին մասնակցել են եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերը», և նաև՝ որ խնդրի վերաբերյալ Հայաստանի դիմումը ՀԱՊԿ-ին «հիմք չունի», իսկ Երևանը «քաղաքականացնում է խնդիրը»․․․ Ասել է թե՝ Բայրամովը ՀԱՊԿ նախագահությանը փորձում է համոզել, թե այն ինչ անում են, իրենց սահմաններում է, եթե անգամ դա հարուցում է հայկական կողմի «մտահոգությունը», ապա դա բանակցություններով լուծելի խնդիր է, այլ ոչ թե ՀԱՊԿ ներգրավման, այլապես ՀԱՊԿ-ը ամեն անգամ ստիպված կլինի ներգրավվել «սիստեմատիկ ու ընդհանուր ռեժիմով» իրականացվող պրոցեսի, որի լուծումը բանակցություններն են, այլ ոչ թե ռազմական ուժի կիրառումը։
Մայիսի 16-ին ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Նիկոլ Փաշինյանն «անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունը և կարևորել խնդրի լուծման նպատակով ՀԱՊԿ գործընկերների դիրքորոշումների համադրումը»։ Ասել է թե՝ Երևանը պահանջում է վերջնական սահմանել ՀԱՊԿ դիրքորոշումը, որից պարզ կդառնա, թե արդյո՞ք ՀԱՊԿ-ը նույնպես համարում է, որ «սահմանային խնդիրների սիստեմատիկ ու ընդհանուր ռեժիմով» ճշգրտման հարցերում միջամտության կարիք չկա, թե 2—դ հոդվածով դիրքորոշումների միասնականացումից հետո անցնում է 4-րդ հոդվածով դաշնակից անդամի կոլեկտիվ պաշտպանությանը։
Այնպես չէ, որ ՀԱՊԿ անդամները այս երկու ծայրահեղ լուծումն ունեն՝ կամ զոհաբերել դաշնակցին, կամ պաշտպանել նրան՝ դեմ գնալով Ադրբեջանի հետ բարեկամա-եղբայրա-ռազմավարական հարաբերություններին։ Երկրորդ օրից մեկնարկած հայ-ադրբեջանա-ռուսական բանակցություններից հետո, թե ՀԱՊԿ, թե արևմտյան (Ֆրանսիա, Կանադա, ԱՄՆ) ճնշումներից հետո ադրբեջանական ուժերը լռելայն մասնակիորեն հետ են քաշվում Սև լճի հարավ-արևմտյան ափերից, իսկ մնացած նոր զբաղեցրած դիրքերը հայտնվում են հայկական ԶՈՒ վիզուալ ու ռազմական վերահսկողության գոտում, զրկված թիկունքային ապահովումից։ Այժմ, ակնհայտորեն Ադրբեջանը ցանկանում է գոնե կիսով չափ պահպանել զբաղեցրած դիրքերը, սակայն Երևանն էլ պահանջում է ճնշումներն ուժեղացնել ու ետ շրջել իրավիճակը ելման դիրք։ ՀԱՊԿ-ը դեռևս հնարավորություն ունի քաղաքական ճնշման տեսքով ու Ադրբեջանի համար ետնահանջի դաշտ բացելով թե ապահովել դաշնակից պետության՝ Հայաստանի պաշտպանվածությունը, թե նաև խուսափել Ադրբեջանին հետ խրամատի տարբեր կողմերում հայտնվելուց։
Հայաստանի հարավի հանդեպ ոտնձգությանն ընդառաջ Ադրբեջանը պլանավորել էր 15,000-անոց անձնակազմով զորավարժություններ՝ «հակաահաբեկչական գործողությունների» դիպաշարով, հավանաբար նվազագույն նպատակ ունենալով, որ ուժի ցուցարությունը թույլ կտա ահաբեկել հայկական կողմին, որ նա համակերպվի վիճակին, ըստ այդմ՝ պահպանել զբաղեցրած դիրքերը, կամ խաղն ավելի մեծ է՝ «Զանգեզուրի միջանցքի ստեղծումը», որը բոլորին՝ Թուրքիային, ՀԱՊԿ թյուրքալեզու երկրներին կներքաշի լայնամասշտաբ պատերազմի մեջ, կպայթեցնի ՀԱՊԿ-ը, քանի որ նրա անդամների մեծ մասն ավելի բարեկամ են իր հետ, քան թղթով Հայաստանի․․․ Իսկ սա կլինի ոչ միայն այդ կառույցի, այլ հենց Ռուսաստանի վերջը․․․ Ու հասնելով դրան, Ադրբեջանը կազատվի նաև իր տարածքում հայտնված ռուսական խաղաղապահից և արագ կլուծի նաև Արցախի պահպանված մասի կլանման հարցը, Զանգեզուրն էլ վրադիր․․․
Որքան էլ Ադրբեջանի հաշվարկով դա պետք է գայթակղիչ պատկերացվեր Արևմուտքի համար, այդուհանդերձ ռեակցիաները տխրեցնող են․ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Փարիզից ստացված ուղերձները Բաքվի համար մտահոգիչ են․ նրանք չեն ողջունում Ադրբեջանի առաջարկած խաղը, որքան էլ Ռուսաստանի թուլացմամբ շահագրգռված լինեն, և բացահայտ պաշտպանեցին Հայաստանին։ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու հարցը ՄԱԿ տեափոխելը Ադրբեջանի համար հնչել է որպես դրա տակից «դուրս չգալու» սպառնալիք․ այս անգամ Ադրբեջանը ՄԱԿ-ում չի ունենա այն, ինչ ունեցավ Արցախյան պատերազմի 44 օրյա պատերազմի 2 նիստերում․ իր համար ոչ մի պրոբլեմ չստեղծող երկու անպտուղ քննարկում։ Այս անգամ իրավիճակը միանգամայն այլ է, ու Բաքուն կարծես թե հասկանում է, որ իր գործողությունները «միջազգային սահմանների անձեռնխելիութան» վրա կառուցող Ալիևը պրոբլեմներ կունենա ու ՄԱԿ ԱԽ անդամները դա հստակ են դարձրել․․․ Այլապես Ֆրանսիան ՄԱԿ անունից ռազմական օգնություն չէր խոստանա Հայաստանին, որպես ՄԱԿ ԱԽ մշտական անդամ էլ սպառիչ դիրքորոշում չէր հայտնի Հայաստանի օգտին։ ԱՄՆ էլ պետքարտուղարության դիրքորոշման մեջ «վիճելի տարածք» ձևակերպման ներքո ետ նահանջի ճանապարհ չէր ստեղծի Ադրբեջանի համար, որպեսզի Բաքուն ասեր, թե մտածել է, թե իրենն է և սխալվել ու մտել է․․․ Սա նշանակում է, որ մեծ հավանականությամբ Ադրբեջանը տանուլ կտա, թե հարցը հայտնվի ՄԱԿ-ում՝ կամ սանձազերծած ավանտյուրայի կամ թեկուզ այն չսանձազերծելու, բայց դիմադրելու դեպքում․․․
ՀՀ վարչապետը նաև հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի քարտեզները համընկնում են, հետևաբար մնում է, որ Տաջիկստանը, որպես նախագահող երկիր դա հայտարարի որպես ընդհանրական դիրքորոշում․․․ Եվ Երևանը ՀԱՊԿ-ին դրդում է անել դա՝ տեսնելով, որ Նախիջևանում ու «արևմտյան » Ադրբեջանում նույն օրը զորավարժություններն սկսվել են, որոնց նպատակը կարող է լինել կամ ստեղծված իրավիճակի պահպանումը, կամ «Զանգեզուրյան միջանցքի» ստեղծումը, հետևաբար, Աստված մի արասցե, ռեգիոնալ երաշխիքները կարող են Հայաստանի համար պահանջված դառնալ, իսկ ՀԱՊԿ վերջնական դիրքորոշումը կարող է կանխել այդ երկուսն էլ․․․
Հետևաբար Ադրբեջանի համար պահված խաղի դաշտն այդքան էլ մեծ չէ ու Բաքվից հնչող մուննաթները, թե Արևմուտքը շտապել է հակաադրբեջանական կամպանիային միանալ, քննադատությունները «ծպտյալ հայեր» Ջո Բայդենի ու Կամալա Հարիսի հասցեին ցույց են տալիս պլաններից շեղումը․․․ Թուրքիայի ռազմա-աքաղաքական ու դիվանագիռտական աջակցություն էլ տեսանելի չէ այպես, ինչպես Տավուշյան էսկալացիայի ու Արցախյան պատերազմի շրջանում․․․ Սա, իհարկե, չի նշանակում, թե Թուրքիան այս խաղի մեջ չկա, մանավանդ, որ Արցախյան պատերազմում քցվածներից մեկն է․․․ Ամեն ինչ դրեց նժարին, սակայն չստացավ Կովկասում լինելու տեղեկանքը․․․․ Ավելին, չէի ասի, թե այդքան շահագրգռված կլինի, որպեսզի Բաքուն լուծի նաև Նախիջևանի հարցը՝ էքսկլավը դուրս բերելով իր տակից, իսկ Ադրբեջանին էլ տալով Թուրքիայից կախված չլինելու ազատությունը․․․ Բացառել չի կարելի, որ որոշակիկառավարելի էսկալացիայի կամ հարցի չլուծվելը ռուսական միջնորդական դաշտում որոշակիորեն ձեռնտու լինի նաև Արևմուտքին, որպեսզի Ռուսաստանին սպառիչ ապացուցվի, որ ունակ չէ միայնակ այդ հարցը լուծել և վերջապես պրոցեսը տանի միջազգային մանդատի ներքո։
Խաղը բարդ է։ Հայաստանին ու ողջ հայությանը օդ ու ջրի նման պետք է կազմակերպվածություն, համախմբվածություն, քանզի այս անգամ հաղթած դուրս գալու հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան Արցախյան պատերազմի դեպքում․․․ Այս անգամ Հայաստանը միջազգային աջակցություն ունի՝ ի տարբերություն Արցախի խնդրի․․․ Իսկ եթե տանուլ տանք, փոխադարձ մեղադրանքներն այլևս ոչ մեկին հետաքրքիր չեն լինելու․․․
Ստյոպա Սաֆարյան
ՄԱՀՀԻ հիմնադիր և ղեկավար