Երևանում տեսախցիկն արձանագրել է 14-ամյա երեխայի՝ մահվան ելքով վրաերթի պահը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

 Երեկ՝ մայիսի 18-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել Երևանում 59-ամյա վարորդի կողմից 14-ամյա հեծանվորդին վրաերթի ենթարկելու մասին։ Երեխան տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց գիտակցության չգալով՝ մահացել էր։ SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել ողբերգական վրաերթը, երբ երեխան հեծանվով հետիոտնի համար նախատեսված վայրով փորձում էր անցնել, ու տեղի է ունենում վրաերթը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մայիսի 18-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:58-ի սահմաններում 59-ամյա Յուրա Գրիգորյանը իր վարած ЗИЛ մակնիշի բեռնատարով Տիգրան Մեծի պողոտայում՝ Սասունցի Դավթի հրապարակի հարևանությամբ, վրաերթի էր ենթարկել 14-ամյա հեծանվորդ Սարգիս Հ.-ին: Օպերատիվորեն ժամանել էին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3 հրշեջ-փրարարական ջոկատի փրկարարները, ովքեր վրաերթի ենթարկված երեխային մոտեցրել էին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենային, ովքեր էլ տեղափոխել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:   Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել էր ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Հ. Պետրոսյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 21:15-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից տեղեկություն էր ստացվել  Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից հայտնել էին, որ երեխան հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է: