Թուրքը մեզ նախապատրաստում է ապագա պատերազմին․Վովա Վարտանով

 Նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հասարակական- ռազմական գործիչ Վովա Վարտանովը նշել էր, որ տեղի ունեցող իրադարձությունները սյունիքյան չեն. «Մեզ շեղում են՝ ասելով Սյունիք, մինչդեռ իրադարձությունները ծավալվում են Վայքում և Գեղարքունիքում»։

Օրագիր.news-ը կապ է հաստատել Վովա Վարտանովի հետ՝ մանրամասնելու մամուլի ասուլիսում հնչած մտքերի, մասնավորապես Գեղարքունիքի մարզում  թշնամու առաջխաղացման ծրագրի և մեր քայլերի մասին։

«Երկար մտածել եմ, թե ինչո՞ւ Վարդենիս և Վերին Շորժա, այլ ոչ Զոդ, ինչո՞ւ ոչ այլ տեղանք. բացատրությունը մեկն է՝ այս տարածքները թշնամուն ամբողջական մշտադիտարկման և անհրաժեշտության դեպքում հրետանու ուժի կիրառման հնարավորություն են տալիս»,- նշեց պրն. Վարտանովը։

Վերջինիս խոսքով, այժմ թշնամին չի համարձակվում Ճամբարակի շրջանով ներխուժել, քանի որ Վարդենիսի կողմից մեր հրետանին կոչնչացնի նրան ժայռերի ու Սևանի ափում գտնվող այդ նեղ տարածքում։

«Եթե մեր հրետանին իր հերթին հակառակորդի հրետանու ուղիղ դիտարկման տակ լինի, այդ դեպքում մենք մեր թնդանոթները չենք կարողանա տեղադրել, և արձակած կրակի արդյունավետությունն այլևս նույնը չի լինի։ Փաստորեն, այս եղանակով թուրքը  ճանապարհ է պատրաստում, որպեսզի հերթական բախումների ժամանակ շահեկան դիրքերում լինի,- ասաց նա և ընդգծեց,- կարճ ասած՝ թուրքը մեզ նախապատրաստում է ապագա պատերազմին։ Եթե մենք խելացի լինենք և թույլ չտանք թշնամու մուտքը Վարդենիսի ուղղությամբ, ապա որոշակի առավելություն կունենանք»։

Վովա Վարտանովը տեղեկացրեց նաև, որ ամիսներ առաջ կոչ է արել բոլոր պատկան մարմիններին զբաղվել ռազմավարական կարևորություն ունեցող դիրքերի պաշտպանությամբ. ««ՈՄԱ» գումարտակի ալպինիստներից մեկն առաջարկությամբ է հանդես եկել ու նշել այն բարձունքները, որոնք ռազմավարական նշանակություն ունեն այժմյան առաջնագծի պայմաններում և մեզ որոշակի առավելություն կտան, եթե զբաղվենք դրանց պաշտպանությամբ։ Այդ մասին ես ժամանակին ասել եմ պատկան մարմիններին՝ անվանելով այն բարձունքները, որոնց պաշտպանությամբ  պետք էր անհապաղ զբաղվել։ Իսկ այժմ մեր հանցավոր անտարբերության պատճառով կանգնած ենք փաստի առջև»։

Վ. Վարտանովն անդրադարձավ երեկ համացանցում լայն տարածում գտած տեսանյութին, որտեղ ադրբեջանցի զինվորները նվաստացնում և վիրավորում են հայ զինվորներին. «Ես այլևս որևէ հարցազրույց չեմ տալու այն հայկական լրատվամիջոցներին, որոնք թուրքերի և նրանց տեղեկատվության քարոզչությամբ են զբաղվում. բավական է, ուշքի՛ եկեք»։

Իսկ մեր այն հարցին, թե ե՞րբ կարող են սկսվել հավանական գործողությունները, Վովա Վարտանովը կատակով պատասխանեց. «Չեմ կարող ասել, վաղուց չեմ խոսել Մեհրիբան Ալիևայի հետ»։