Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է, ինչպես ձևակերպել է News Front միջազգային լրատվական գործակալության բուլղարական խմբագրության լրագրողը, Ղրիմի թաթարների նկատմամբ թուրքական կողմի «չափազանց հոգատարությանը»:
Հարց — Մայիսի 18-ին Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել Ղրիմի թաթարների և չերքեզների արտաքսման զոհերի հիշատակին նվիրված հայտարարությամբ, որում նշվում է, որ 77 տարի անց Ղրիմի թաթարները շարունակում են դիմակայել այն մարտահրավերներին, որոնք կապված են արտաքսման հետևանքների հետ: Թուրքիան կշարունակի աջակցել Ղրիմի թաթարների ինքնության պաշտպանությանը, մեր հայրենակիցների առջև ծառացած խնդիրների վերացմանը: Անկարան ձգտում է ներդրում ունենալ Ղրիմի թաթարների բարեկեցության բարելավման գործում։ Բացի այդ, Թուրքիայի ներկայացուցիչները հայտարարել են, որ կովկասյան ժողովուրդների ժառանգների հողերը օկուպացվել են 157 տարի առաջ Ցարական Ռուսաստանի կողմից։ Ինչպե՞ս է Ռուսաստանի ԱԳՆ-ն գնահատում թուրքական կողմի նման հայտարարությունը։ Ինչ խնդիրներ և մարտահրավերներ են ծառացած Ղրիմի թաթարների առջև, որ Թուրքիան դրանք լուծելու ցանկություն ունի։
Մարիա Զախարովա — Մենք նման հայտարարությունները գնահատում ենք որպես քաղաքականացված, նույնիսկ առճակատում հրահրող։ Ափսոսանք են առաջացնում պաշտոնական Անկարայի՝ տարեցտարի շարունակվող փորձերը՝ ապակառուցողական նպատակներով օգտագործելու պատմական իրադարձությունների միտումնավոր մեկնաբանությունը՝ ի շահ սեփական քաղաքական հավակնությունների։
19-20-րդ դարերի բարդ իրադարձությունների հետ կապված սպեկուլյատիվ հայտարարությունները ոչ մի կապ չունեն ո՛չ ակադեմիական պատմագրության, ո՛չ էլ Ղրիմի Հանրապետությունում և Հյուսիսային Կովկասում առկա իրական իրավիճակի հետ։ Մասնավորապես, թերակղզում գործում են Ռուսաստանի օրենսդրությունը և իրավակիրառ պրակտիկան, որոնք երաշխավորում են մարդու իրավունքների և ազատությունների պահպանումը՝ համապատասխան ռուսական կողմի միջազգային պարտավորություններին։ Խոսքը Ղրիմի թաթարների լեզվի՝ որպես պետական լեզվի կարգավիճակի ամրապնդման, իշխանության ներկայացուցչական մարմիններում և տարածաշրջանի սոցիալ-տնտեսական կյանքում Ղրիմի թաթարների մասնակցության ընդլայնման, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների, էթնոմշակութային և կրթական հաստատությունների արդյունավետ գործունեության հետ կապված հարցերի առարկայական լուծման մասին է:
Ռուսերենը, ուկրաիներենը և Ղրիմի թաթարների լեզուն Ղրիմի Հանրապետությունում ունեն պետական կարգավիճակ: Տարբեր հնարավորություններ կան դպրոցներում և բուհերում դրանք սովորելու համար: Ղրիմում ստեղծվել են հավասար իրավունքներ և պայմաններ ազգային մշակույթի, ինքնության, խղճի և դավանանքի ազատության պահպանման և զարգացման համար։ Ազգամիջյան և միջկրոնական համաձայնությունն առաջնահերթություններից մեկն է։ Ղրիմի Հանրապետության ղեկավարին կից գործում է «Աշխարհն Աստծո պարգևն է» միջդավանական խորհուրդը։ Նման քաղաքականության հաջողությունը հաստատվում է Իսմայիլ Գասպրինսկու անվան մեդիակենտրոնի տվյալներով։ Սոցհարցումների տվյալների համաձայն՝ անցյալ տարի ղրիմցիների 96 տոկոսը ազգամիջյան և միջկրոնական հարաբերությունները գնահատել է որպես բարիդրացիական: Ղրիմի Հանրապետության ազգամիջյան հարաբերությունների հարցերով պետական կոմիտեի աջակցությամբ գործում է ուկրաինական «Պերեյասլավսկա Ռադա 2.0» տեղեկատվական պորտալը, հրատարակվում են «Ղրիմի լրատու» թերթը, «Ղրիմն այսօր» հանդեսը, «Հոֆնունգ» թերթը գերմաներեն, ռուսերեն լեզուներով, «Տավրիկա» թերթը հունարեն և ռուսերեն լեզուներով, «Մասյաց աղավնի» ամսագիրը հայերեն և ռուսերեն լեզուներով: Ղրիմի թաթարական հանրային հեռուստառադիոընկերության շրջանակներում հաջողությամբ գործում են «Միլեթ» հեռուստաալիքը, «Վաթան Սեդա» ռադիոն, հրատարակվում է «Յըլդըզ» ամսագիրը, «Յանյա դյունյա» թերթը:
Եթե թուրքական ԱԳՆ-ի նման հայտարարությունները, որոնց մասին դուք ասացիք, գոնե մեկ անգամ նման փաստարկ պարունակեին, ես կարծում եմ, որ իրենք կհասկանային իրենց առաջ քաշած նման թեզերի անտեղի լինելը։ Դրանք փաստեր են, և մենք ԱԳՆ-ին կոչ ենք անում չթաքցնել դրանք սեփական հասարակությունից, քանի որ նրանք հաճախ այդ թեման ակտիվորեն բարձրացնում են։ Թուրքիայի ներկայիս ցուցադրական մտահոգությունը Ղրիմում Ղրիմի թաթարների վիճակով, այն դեպքում, երբ մինչև 2014 թվականը այդ երկրի իշխանությունները համառորեն անտեսում էին միջազգային կազմակերպությունների բազմաթիվ պահանջներն Ուկրաինայի նկատմամբ ժողովրդի էթնոմշակութային իրավունքների իրականացման վերաբերյալ, միայն հաստատում են նման մտահոգությունների կոնյունկտուրային բնույթը: Շատ կասկածելի է թվում Թուրքիայի դերը որպես էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպան, Թուրքիայի, որտեղ գոյություն ունեն սեփական չլուծված խնդիրներ, որոնք ունեն էթնիկ, լեզվական, կրոնական երանգավորում։ Միայն մի քանի տասնյակ տարի է մեզ բաժանում այն ժամանակներից, երբ Թուրքիայում ապրող չերքեզները ստիպված էին թաքցնել իրենց էթնիկ պատկանելությունը, իսկ նրանց մայրենին ընդհանրապես արգելքի տակ էր։ Բայց ինչպես Սերգեյ Լավրովն է ասում, մենք բարեկիրթ մարդիկ ենք (вежливые люди-խմբ.) և կարծում ենք, որ Թուրքիան ինքը պետք է լուծի սեփական հարցերը, իհարկե՝ ելնելով իր պարտավորություններից, բայց եթե շարունակվի նման հռետորաբանությունը, մենք նույնպես ստիպված կլինենք ուշադրություն դարձնել Թուրքիայում նման խնդիրների վրա: Մենք դա չենք ուզում անել, ուստի հույս ունեմ, որ Թուրքիայի ԱԳՆ-ն մեզ այսօր կլսի։
Մենք կարծում ենք, որ թուրք քաղաքական գործիչների համար վաղուց ժամանակն է հրաժարվել էթնիկ գործոնը՝ որպես աշխարհաքաղաքական խաղի գործիք օգտագործելու քաղաքականությունից, ինչը վնաս է հասցնում առաջին հերթին էթնիկ խմբերի շահերին։ Մենք ունենք բազմաթիվ հարցեր, խնդիրներ, ոլորտներ, որտեղ կարող ենք համագործակցել Անկարայի հետ՝ համատեղ ջանքեր գործադրելով։ Մենք ունենք նման փոխգործակցության փորձ, եկեք այն օգտագործենք և չզբաղվենք նման բաներով։