Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սահմանապահի օրվա կապակցությամբ շնորհավորական խոսքում նշել է, որ ներկայում ուղիղ սպառնալիք կա երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
Լուկաշենկոյի շնորհավորանքը սահմանապահ ծառայության հրամանատարությանը, անձնակազմին և վետերաններին ուրբաթ հրապարակվել է պետության ղեկավարի կայքում:
«Այսօր Բելառուսի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ուղիղ սպառնալիքի պայմաններում ձեզնից յուրաքանչյուրը բարձր պրոֆեսիոնալ մակարդակում անում է հնարավորը՝ պետական սահմանի անձեռնմխելիությունը պաշտպանելու, հասարակության կայունությունը և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար»,-նշել է Լուկաշենկոն:
Նախագահն ընդգծել է, որ բելառուս սահմանապահները երկրի իրական հայրենասերներ են, իրենց հերոս նախնիների փառքի արժանի ժառանգները: