Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին հայտնել է, որ կուսակցությունը հրաժարվում է Շուշիում դպրոց կառուցելու ծրագրից։ Բահչելին ծրագրից հրաժարվելու մասին հայտնել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ։
Նա հավելել է, որ այդ ծրագրին աջակցող իրենց համակիրների կողմից հանգանակված գումարները կվերադարձվեն։
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից Շուշիում դպրոց կառուցելու մտադրության մասին հայտնի էր դարձել 2021 թվականի հունվարի 26-ին։ Փետրվարի 1-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ լրջագույն մտահոգության հայտնելով ծայրահեղ աջ ազգայնական «Թուրքական ազգայնական շարժում» կուսակցության և դրան հարող ծայրահեղական նեոֆաշիստական «Գորշ գայլեր» կազմակերպության մտադրությունների առնչությամբ՝ որոշ նախագծեր իրականացնելու Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում, մասնավորապես՝ Շուշի քաղաքում: Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ նշված էր, որ պանթուրքիզմի և նեոֆաշիզմի գաղափարախոսություն քարոզող և ահաբեկչությունը որպես նպատակների իրականացման հիմնական միջոց օգտագործող արտաքին ուժերի ցանկացած ձևով ներկայությունը Արցախի օկուպացված տարածքներում ծայրաստիճան մեծ վտանգ է ներկայացնում ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության համար:
auroranews.am