Եթե դիտորդների տեղակայման առաջարկն ընդունվի, սահմանին լարվածությունը բավականին կթուլանա. Մարուքյան

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը միջազգային դիտորդների տեղակայման վերաբերյալ առաջարկի ընդունման դեպքում սահմանային լարվածության թուլացում է ակնկալում, սակայն հստակ արձագանք այս պահին դեռ չի տեսնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանն այս մասին ասաց ԱԺ-ում կայացած ճեպազրույցում:

«Եթե այդ առաջարկությունն ընդունվի կողմերի կողմից, սահմանի վրա լարվածությունը բավականին կթուլանա»,- ասաց Մարուքյանը:

Նա նկատել է՝ ինչ-որ արձագանքներ կան, որ մտահոգված են իրադրությամբ, սակայն չի տեսել, որ որևէ երկիր հայտարարի, որ պատրաստ է դիտորդներ տեղակայել: «Ադրբեջանի արձագանքն էլ չեմ տեսել»,- նշեց ԼՀԿ ղեկավարը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը  Հայաստան-Ադրբեջան սահմանային իրադրության լարվածության թոթափման նպատակով առաջարկել է Սոթք-Խոզնավար հատվածում ետ քաշել և հայկական, և ադրբեջանական զինուժը, տանել մշտական տեղակայման վայրեր, տեղակայել միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանի Դաշնության կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների ներգրավմամբ: