Հունաստանը կոշտ է արձագանքել Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը

 Հունաստանը կոշտ է արձագանքել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե պաշտոնական Աթենքը Արևմտյան Թրակիայում ապրող փոքրամասնություններին և թուրքերին չի շնորհում քաղաքացիական հավասար իրավունքներ: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Հունաստանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Ալեքսանդրոս Պապաիոաննուն: 

Նշենք, որ Չավուշօղլուն մայիսի 30-ին պաշտոնական այցով մեկնել է Հունաստան: Մայիսի 31-ին Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա հույն իր գործընկերոջ Նիկոս Դենդիասի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ: 

«Անհիմն է, որ Թուրքիան անընդհատ խեղաթյուրում է ճշմարտությունը և պնդում, որ այդ քաղաքացիների իրավունքները չեն պաշտպանվում կամ նրանք խտրականության են ենթարկվում: Մենք ամբողջովին մերժում ենք (Թուրքիայի պնդումները-խմբ.)»,-ասել է խոսնակը:

Չավուշօղլուն նախօրեին նշել էր, որ «իրենք ցանկանում են, որ Հունաստանը Արևմտյան Թրակիայում ապրող թուրք փոքրամասնություններին տա նույն իրավունքները, ինչ իրենք Թուրքիայում տալիս են Հույն ուղղափառ եկեղեցուն և հույն փոքրամասնությանը»:

Հիշեցնենք, որ Հունաստանի դիտարկմամբ, Արևմտյան Թրակիայի թուրք փոքրամասնությունը միայն կրոնական փոքրամասնություն է և այն էլ՝ մուսուլման հույն  փոքրամասնություն, իսկ Թուրքիայի պնդմամբ՝ թուրք փոքրամասնություն: 

 

ermenihaber.am