Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է Կիևի հետ ռազմական համագործակցությունը դադարեցնելու Մոսկվայի «խորհուրդը»՝ մասնավորապես անօդաչու թռչող սարքերի վաճառքի վերաբերյալ։ Թուրք նախարարը հաստատել է «Ղրիմի ապաշրջափակմանն» աջակցելու մտադրությունը և Ուկրաինային Bayraktar TB2 ԱԹՍ-ների վաճառքն անվանել բիզնես, հայտնում է NTV հեռուստաալիքը:
«Ղրիմի հարցում մեր դիրքորոշումը հայտնի է, մենք այդպես էլ ասում ենք ռուսներին։ Մենք նշում ենք, որ որոշումը քաղաքական է։ Ոչ ոք չպետք է նեղանա Ուկրաինային ԱԹՍ-ների վաճառքից։ Սա առևտուր է», — ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ Մոսկվան հրթիռներ է մատակարարում Սիրիային և այլ երկրների, ինչն Անկարան կասկածի տակ չի դնում։
Չավուշօղլուն նշել է, որ ամբողջ աշխարհում անօդաչու թռչող սարքերի մեծ պահանջարկ կա, ինչը Թուրքիան մտադիր է բավարարել։
Հիշեցնենք, որ ապրիլին Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Ղրիմի հարցում Ուկրաինայի հետ լուրջ տարաձայնություններ կան, որոնք դժվար թե լուծվեն, իսկ թուրքական կողմի դիրքորոշումը, որը սխալ է, հնարավոր է փոխել։