Մայիսի 31-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ոստիկանության կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վազգեն Սարգսյան փողոցի 26/1 հասցեում գործող «Հրապարակի տակ» փաբում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ, տեղեկացնում է shamshyan.com–ը։
Նշված հասցե են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները, որոնք պարզել են, որ նույն օրը նշված փաբում ֆինանսական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել Երևանի բնակիչներ՝ 27-ամյա Օնիկ Մարգարյանի և 27-ամյա Մուշեղ Կարապետյանի միջև։
Պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Մ. Կարապետյանը իր մոտ եղած ատրճանակից անկանոն կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Օ. Մարգարյանը և ևս 1 հոգի՝ 18-ամյա Վ. Ղ-ն, արձակված գնդակներից մարմնական վնասվածք են ստացել։
Կայքի տեղեկություններով՝ Օ. Մարգարյանը վնասվածքը ստացել է ծնկի, իսկ Վ. Ղ-ն՝ մեջքի հատվածում։ Ոստիկանները Մ. Կարապետյանին հայտնաբերել ու բերման են ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին, ով նաև ներկայացրել է ատրճանակը, որով կրակոցներ է արձակել։