Ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից. Մակրոն

 Հայաստանը բախվել է անվտանգության ճգնաժամի հետ, իսկ Ֆրանսիան հաստատակամ է, որ խաղաղություն հաստատվի տարածաշրջանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Փարիզից, այս մասին նշեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ՝ համատեղ ելույթի ժամանակ՝ նկատելով՝ 2020թ. նոյեմբերի 9֊ի հրադադարի հայտարարությունից ի վեր, եթե նույնիսկ, ընդհանուր առմամբ, հրադադարը պահպանվում է, միևնույն է անելիքները շատ են։

«Ֆրանսիան պատրաստ է օգնել այս հարցում, առաջին հերթին խոսքս վերաբերում է ռազմագերիների ազատ արձակմանը, մյուս բանտարկյալներին, ինչպես նաև տարածքների ականազերծմանը։ Նաեւ շատ կարեւոր հարց է ժառանգության պահպանությունը ԼՂ-ում եւ շրջակա տարածքներում։ Թե քրիստոնեական, թե մահմեդական ժառանգությունը պետք է անպայման պահպանվի։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիայի պարտքն է ամեն ինչ անել, որ կողմերը հասնեն ապաէսկալացիայի և հաստատեն երկխոսություն»,֊ասաց Ֆրանսիայի նախագահը։

Էմանուել Մակրոնն ընդգծեց, որ ՀՀ֊ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատում պետք է իրականացվի բացառապես երկխոսության միջոցով եւ ոչ մի դեպքում չպետք է դիմել ուժի։

«Ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից եւ կոչ եմ անում կողմերին վերադառնալ մայիսի 11֊ի դրությամբ եղած դիրքեր»,֊ասաց Ֆրանսիայի նախագահը։ Ֆրանսիան փորձելու է աջակցել երկխոսության հաստատման հարցում։

Էմանուել Մակրոնն ընդգծեց՝ այս դժվար իրավիճակում, որում հայտնվել է Հայաստանը, Ֆրանսիան Հայաստանի կողքին է ինչպես միշտ։

Երկու երկրների ղեկավարների օրակարգում նաեւ տնտեսական համագործակցության հարցեր են՝ նախանշելով տարբեր ուղղություններ, Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման հարցում համագործակցություն և այլն:

«Այս դժվարին ժամանակներում Ֆրանսիան հաստատակամ է, որ խաղաղություն հաստատվի տարածաշրջանում»,- հավելեց Էմանուել Մակրոնը։