Արցախում քրգործ է հարուցվել Ադրբեջանի զինուժի առաջխաղացման համար նախապես ճանապարհ հարթելու առթիվ. ԱՀ դատախազություն

Արցախի գլխավոր դատախազությունը սույն թվականի փետրվարի 15-ին հարուցել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որը հետագա նախաքննության կատարման համար ըստ քննչական ենթակայության ուղարկվել է Արցախի քննչական կոմիտե: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել է ԱՀ դատախազությունը:

«Քրեական գործը հարուցվել էր հաղորդմամբ ներկայացված՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի առաջխաղացումը հեշտացնելու համար նախապես ճանապարհ հարթելու, ԱՀ սահմանների պաշտպանությունն իրականացնող անձանց կողմից մարտական դիրքերը լքելը նախապես ծրագրելու ենթադրյալ հանցավոր արարքների առթիվ»,- ասվում է ԱՀ գլխավոր դատախազության պատասխանում:

Նշենք, որ նախաքննական մարմինը սպասում է պետական տարբեր մարմիններին ուղղված հարցումների պատասխաններին, որոնք ստանալուց հետո պետք է իրականացվեն մի շարք հարցաքննություններ, իսկ այս պահին քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք չկան: