ՀՀ երկրորդ նախագահ, հունիսի 20-ի ԱԺ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) դեմ երեկ՝ հունիսի 1-ին, դատական հայց է ներկայացրել վարչական դատարան: Այս մասին գրել է «Հետք»-ը։
Քոչարյանը պահանջում է անվավեր ճանաչել ԿԸՀ-ի 2021թ. մայիսի 21-ի՝ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի պատկերով և «Հայաստանը կառուցելիս» գրառմամբ պաստառը նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչելու մասին որոշումը:
Նկատի ունենալով, որ Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով գրանցված է ԱԺ 2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների պատգամավորության թեկնածու, ԿԸՀ-ն գտել է, որ նրա հեղինակած գրքի պատկերով պաստառներն իրենց բովանդակությամբ ասոցացվում են նախընտրական քարոզչության հետ:
Հիմք ընդունելով այդ հանգամանքը, ԿԸՀ-ն որոշել էր քաղաքացի Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի պատկերը և «Հայաստանը կառուցելիս» գրառումը պատկերող պաստառները ճանաչել «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչության հետ ասոցացվող։