ՈՐՊԵՍ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՌԵԺԻՍՈՐ՝ ՉՀԱՍԿԱՑԱ ԱԶԳԱԿՈՐԾԱՆ ՊԱՏՈՒՀԱՍԻ ՖԱԼՇԸ

 Հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող ՀԱԿ ընտրացուցակում ընդգրկված է նաեւ ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը, ում մի քանի հարց ուղղեցինք իր առաջադրման եւ ոչ միայն դրա մասին։ 

— Սուրեն, ինչո՞ւ հենց ՀԱԿ, առաջարկն ումի՞ց եք ստացել։

— Որովհետեւ առաջին նախագահի հայտարարությունից հետո հասկացա, որ նա, թերեւս, միակ խելամիտ մարդն է հանրապետությունում, երբ նա հանդես եկավ հայտարարությամբ՝ ուղղված մյուս նախագահներին՝ ասելով, որ եթե դուք իսկապես կարծում եք, որ երկիրը վտանգված է, ու ներկա իշխանությունից ազատվելու խնդիր ունենք, ես մոռանում եմ մեր միջեւ բոլոր տարաձայնությունները, թշնամությունը եւ կոչ եմ անում միանալ, որպեսզի միասին ազատվենք։ Նա նաեւ կոչ արեց՝ չձգտել իշխանության եւ մարել ահագնացող հրդեհը։ Իհարկե, նրա այս կոչին արձագանք չեղավ, բայց իմ համակրանքը նրա անձի հանդեպ երկար պատմություն ունի, ես հասկացել եմ, որ այդ մարդը երբեք չի ստում եւ ներկայացնում է իրավիճակն այնպիսին, ինչպիսին կա։ Ու, այնուամենայնիվ, նա փորձում է համախմբել ու ստեղծված ճգնաժամից դուրս բերել երկիրը։ Նաեւ կարծում եմ՝ նմանատիպ իրավիճակում Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն հայտնվել է 30 տարի առաջ ու դուրս եկել հաղթանակած։ Այսքանը բավական էր, որպեսզի ես միանայի այս ուժին։ 

— Ներկա իշխանություններն ամեն ինչում նախկիններին են մեղադրում, ներկաների ու նախկինների արանքում ՀԱԿ-ն ի՞նչ տեղ է զբաղեցնում։

— Ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանը մեզ բացահայտեց իրավիճակը, բայց ձեզ հայտնի մարդիկ դեմ գնացին եւ ասացին՝ մենք զիջելու ոչ մի թիզ հող չունենք ու այդ ճանապարհով չենք գնալու։ Եվ որպեսզի փողոցում քաղաքացիական պատերազմ չլինի, Սարոյան եղբայրների պատմությունը չկրկնվի, նախագահը հրաժարական տվեց։ Հիմա մոտավորապես նույն իրավիճակում ենք, ես չեմ կարծում, որ այդ իմաստուն, խոհեմ մարդու քայլերը երբեւիցե սխալ են եղել, եւ նրան չեմ կապում իրենից հետո իշխանության եկած ղեկավարների հետ։ Եթե ներկայիս վարչապետը գոնե մի փոքր լսեր առաջին նախագահին, մենք այսօր կունենայինք բոլորովին այլ իրավիճակ։

— Ի՞նչ եք կարծում՝ այս ընտրություններում ո՞ր ուժերն են լինելու ՀԱԿ-ի մրցակիցը։

— Ես այնքան էլ ռոմանտիկ չեմ, որքան կարծում եք։ Իմ կարծիքով, մենք ունենք մեծ շանսեր, եւ այդ ամենը կախված է մեր քայլերից, մենք ունենք խոհեմ, գիտակից հասարակության շատ մեծ զանգված, ովքեր հասկանում են, որ այս իրավիճակից մեզ կարող է դուրս բերել մի մարդ, ով իսկապես ունի փորձ, նաեւ՝ ֆենոմենալ հիշողություն, ով տիրապետում է պատմությանն ու իրավիճակին։ Ուղղակի խնդիրն այն է, որ այսօր բանակցում է ազգակործան պատուհասը, այլ ոչ թե նա։ Ի դեպ, նա բազմիցս նշում է, որ իշխանության չի ձգտում, այլ փորձում է մարել պետության մեջ բռնկված կրակը։ Ես հավատում եմ նրան, ու տա Աստված, որ իրադրությունն այնպես զարգանա, որ նա կարողանա անել այն, ինչ կարող է անել։ Կարծում եմ՝ այս քարոզարշավի ընթացքում շատ խաղաքարտեր կբացվեն, եւ հասարակության հետ բազում հանդիպումների ու զրույցների արդյունքում մենք կհասկանանք, որ լրջանալու պահն է, եւ պետք է փրկել երկիրը։

— Անձնապես Դուք ի՞նչ կարող եք փոխել այս համակարգում, եթե անցնեք խորհրդարան։

— Կլինեմ խորհրդարանում, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա, բայց որ կարող եմ մեր մշակույթում, ինչը շատ կարեւոր դեր է խաղում մեր կենսակերպում, դերակատարում ունենալ, դա՝ վստահաբար, որովհետեւ դրա փորձն ունեմ եւ ոչ միայն հայկական իրականության մեջ, այլեւ՝ միջազգային։

— 2018-ին Դուք եւս ողջունեցիք այս իշխանություններին, հիմա մեղքի զգացո՞ւմ ունեք։

— Վստահաբար, մեղքի զգացում ունեմ, ես իսկապես հավատում էի, որ մեր երկրում լավ պրոցես է տեղի ունենում, բայց պատերազմի 2-րդ օրվանից հասկացա, որ մենք սխալվել ենք, եւ ես՝ որպես պրոֆեսիոնալ ռեժիսոր, չհասկացա ազգակործան պատուհասի ֆալշը, նա խաղում էր շատ լավ եւ կարող էր շատ հաջողակ արտիստ լինել, որովհետեւ տիրապետում էր բոլոր մեխանիզմներին եւ դերասանի մասնագիտական բոլոր հմտություններին, որը կարող է ունենալ միայն պրոֆեսիոնալ դերասանը։ Ցավոք, այսօր արդեն այլ է՝ նրա ֆալշը զգացվում է, եւ յուրաքանչյուր ելույթ, հայտարարություն ծիծաղի առարկա են դառնում։ Քիչ առաջ ինձ մի նյութ ուղարկեցին, որտեղ նա խոսում էր ճանապարհ լինել-չլինելու, վտանգի կամ էլ տնից դուրս գալու եւ արեւահարվելու մասին․․․ կարդում ես ու հասկանում, որ նա այլեւս ադեկվատ չէ, եւ սա ոչ թե մանկապարտեզ է, այլ՝ խեղկատակություն։ Նա ի զորու չէ ոչ մի բան փոխելու, եւ կարծես ոչ մեկը չի պատրաստվում այլեւս նրա հետ խոսել։ 

— Ի դեպ, նախօրեին նա բանավեճի առաջարկ արեց նախկին նախագահներին։

— Այո, բայց առաջին նախագահը պատասխանեց, որ ազգակործան պատուհասի հետ բանավիճելու բան չունի, եւ դա նաեւ հասկանալի է, որովհետեւ գնալու է ու անընդհատ գոռալու, որ թավիշին վերջ, որ բոլոր մեղավորները կպատժվեն․․․ բայց մի քայլ, որ իրականացրել է՝ չի եղել։ Ժամանակին Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ եթե ընտրում եք մեզ, ընտրում եք լուսավոր ապագան, այսօր նրա կարգախոսն է՝ ապագա կա, այսինքն՝ 3 տարի առաջ ասում էիք՝ լուսավոր ապագա, իսկ հիմա այդ ապագան կասկածի տա՞կ է դրվում։ Ես իմ հոդվածներից մեկում ասել եմ՝ նշիր գոնե մի նախընտրական խոստում, որ իրականացրել ես։ Չկա նման բան։ 

— Այս իշխանությունը քննադատվեց նաեւ իր վարած կադրային քաղաքականության համար, որովհետեւ իշխանության եկան դերասանները, դիջեյները։ Մտավախություն չունե՞ք, որ վաղը քննադատության նույն սլաքը կուղղվի նաեւ Ձեր դեմ։ 

— Եթե Դուք նկատի ունեք մեր քաղաքապետին, ապա ինձ համար վիրավորական է, որ КВН-ում կամ ստենդափ ժանրում գործող մեկը կարող է համարվել արտիստ, ինքը շատ հեռու է արտիստ կոչվելուց, չեմ ուզում կոպիտ արտահայտվել, բայց նա ուղղակի հանրամատչելի արվեստի ներկայացուցիչ է։ Ես նրան ու նրա նմաններին եւս մեղավոր եմ համարում, որ մեր այսօրվա հասարակությունն այսքան անգրագետ է, փոխվել է մեր հասարակության խոսքը, որովհետեւ նրանք նպաստել են, որ մեր հասարակությունը դարձել է այսպիսին՝ իրենց անհեթեթ սկետչերով՝ լինի բեմում, թե հեռուստատեսությամբ։ Մենք այսօր ունենք այսպիսի հասարակություն, որովհետեւ ժամանակին նրանք լուրջ դերակատարում են ունեցել մեր հասարակության ձեւավորման հարցում։ Ինչ վերաբերում է ինձ, ապա հենց այսօրվանից էլ իմ հասցեին բազում քննադատական ելույթներ կան հակառակորդ ուժերի կողմից, անդրադառնում են իմ ընտանիքին, բայց ես երեխա ժամանակից իմունիտետ եմ ձեռք բերել եւ ուշադրություն չեմ դարձնում, ավելին՝ հաճախ նաեւ ուրախանում եմ։ Էլի եմ կրկնում՝ ես միացել եմ այս ուժին մինչեւ այն պահը, երբ երկրում կրակը մարվի, վիճակն էլ կայունանա ու հանդարտվի։ Հաջորդ օրը հենց դա լինի, ես այլեւս գործ չեմ ունենա ո՛չ քաղաքականության, ո՛չ էլ գործադիր որեւէ մարմնում, ես թատրոնի մարդ եմ, եւ իմ կոչումն է՝ հայ թատրոնը բարձրացնել։

«Հրապարակ օրաթերթ»