Ռուսաստանում հերքել են մամուլում տեղ գտած այն տեղեկությունը, թե Թուրքիան ետ է ուղարկելու իր տարածքում գտնվող ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը սպասարկող ռուս մասնագետներին։
Մամուլում հայտնված տեղեկատվության համաձայն՝ ռուս մասնագետներին ետ ուղարկելու պահանջն իբր ներկայացրել է պաշտոնական Վաշինգտոնը։ Ըստ պնդման՝ ԱՄՆ-ն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի անդամ երկրում ռուս ռազմական մասնագետների ներկայությունը։
Հարցի առնչությամբ պարզաբանում է տվել Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային ծառայության (ФСВТС) խոսնակ Վալերիա Ռեշոտնիկովան։
«Թուրքիայում գտնվող ռուս մասնագետների վերադարձը տեղի է կունենա հաստատված ժամանակացույցով»։
Հիշեցնենք, որ ռուսական ՀՕՊ համակարգերի շուրջ ռուս-թուրքական գործարքը լուրջ ճգնաժամ է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։ ԱՄՆ-ի ղեկավարությունը թուրքական կողմին բազմիցս կոչ է արել հրաժարվել այդ համակարգերից։ ԱՄՆ-ն արդեն հասցրել է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ, վերջինիս դուրս թողնելով ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից։