ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Լրագրողների հետ այսօր ունեցած հանդիպման ժամանակ Արսեն Թորոսյանը անդրադարձել է պատերազմական օրերին Ստեփանակերտի ջրամատակարարման հետ կապված իմ բարձրացրած խնդրին ու իրեն թույլ տվել անվայել արտահայտություն։
Ազգային անվտանգության բարձրաստիճան սպայիս ու առհասարակ քաղաքացուս մարդկային ու բարոյական նկարագիրն ինձ թույլ չի տալիս իջնել շարքային զազրախոսի իր մակարդակին։ Այս պաշտոնյան մտածում է, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները պետք է պատերազմական թեժ իրողությունների պայմաններում, իրենց օպերատիվ սպասարկման ուղղությունները թողած, ամեն օր Ստեփանակերտից Երևան ջուր կրեին իրենց համար, որ իրենք էլ Երևանում նստած հետազոտություն անցկացնեին։
Նրա պատկերացմամբ, փաստորեն, ԱԱԾ աշխատակիցները, մասնագետներ չլինելով, պիտի որոշեին, թե որտեղի՞ց, ի՞նչ եղանակով, պարբերականությամբ ու տարաներով ջրի նմուշառում անեին։ Ես հասկանում եմ, թե ինչու է նա մտածում, որ այդ գործն էլ պետք է բարձվեր մեր աշխատակիցների վրա՝ չէ՞ որ շատերի փոխարեն մեր տղաների ուժերով էին գիշեր-ցերեկ Արցախին մատակարարվում անհրաժեշտ տեխնիկա-տրանսպորտային միջոցներ, զենք, ռազմամթերք, սարքավորումներ, վրաններ, ընդհուպ հացի արտադրության վառարաններ, դիզելային շարժիչներ և այլն։
Պարզ է, որ նշյալ պաշտոնյայի կողմից այսկերպ էլ կազմակերպվել է համավարակի դեմ պայքարը։ Նման «փայլուն» աշխատանքի արդյունքում, զարմանում եմ, որ առ այսօր չեք արժանացել Հայաստանի ազգային հերոսի կոչման։ Իսկ գուցե և արժանացել ե՞ք ու պարզապես գաղտնի՞ եք պահում։
Ուզում եմ պարզապես ձեզ հուշել, որ ազգային անվտանգության ծառայությունում ցանկացած փաստի հիմքերը գիտեն պահպանել»: