ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքի ծրագրի և թիմի ներկայացման հանդիսավոր արարողության ժամանակ.
Տեսնում եմ, որ շատերդ զարմացած եք, որ արարողակարգով առաջինը նախատեսված էր իմ ելույթը, բայց խոսեց պարոն Վանեցյանը։ Կարծում եմ՝ դա ճիշտ է. ես եմ առաջարկել և իմ այդ քայլով մեկ անգամ ևս ընդգծել եմ, որ գեներալ Վանեցյանը գլխավորում է մեր դաշինքի նախընտրական ցուցակը, ուրեմն ամեն տեղ ինքը պետք է լինի առաջինը, ինքը պետք է առջևից գնա, ինքը պետք է առաջնորդի մեր թիմը, իսկ ես` իմ փորձով, իմ հնարավորություններով և իմ խորհուրդներով անհրաժեշտ պահին կանգնած եմ նրա թիկունքին, կանգնած եմ ձեզնից յուրաքանչյուրի թիկունքին: Այնպես որ, ամեն ինչը ճիշտ է:
Հարգելի՛ գործընկերներ,
Այսօր, ոչ սովորական պայմաններում մեկնարկում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Ինչպես գիտեք, այս ընտրությունները մեր նպատակը կամ երազանքը չէին։ Մեզ բոլորիս պարտադրվեցին արտահերթ ընտրությունները Հայրենիքի համար այս ծանր օրերին, և մենք ընդունեցինք մարտահրավերն և պատրաստ ենք այս կռիվը կամ, ինչպես մեր էպոսում է ասվում, վերջին զարկը տալու հանուն Հայաստանի ապագայի:
Սեփական աթոռը Հայրենիքից առավել սիրող այս կապիտուլյանտների իշխանությունը, ցավոք, չհեռացավ և ընտրեց հոգեբանական ծանր վիճակում գտնվող ժողովրդին նոր ցնցումների տանելու` արտահերթ ընտրությունների ճանապարհը, որին ի սկզբանե մենք դեմ էինք:
Հայաստանի հանրապետական կուսակցության և «Հայրենիք» կուսակցության ձևավորած «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքը իր օրինակով է մեր ժողովրդին ցույց տալիս հանուն ազգային նպատակների փոխզիջումների գնալու և միասին աշխատելու անհրաժեշտությունը։
Մեր դաշինքը, ինչպես գիտեք, գլխավորում է Արթուր Վանեցյանը։ Տարբեր առիթներով վերջին շաբաթներին արդեն խոսել եմ Արթուր Վանեցյանի անբասիր ծառայության, հայրենասիրության և նրա գլխավորած կուսակցության հետ Հանրապետականի դաշինք կազմելու պատճառների մասին։ Գալիք երկու շաբաթվա ընթացքում մեր թեկնածուները մեզ հետ միասին կշրջեն Հանրապետության բոլոր մարզերով, և մեր ծրագրով՝ ապագայի մեր պատկերացումներով կներկայանանք մեր ժողովրդի դատին։
Մենք վճռական ենք տրամադրված: Մեր թիմի յուրաքանչյուր անդամ՝ ցուցակում կամ ցուցակից դուրս, կարող է անվարան հայտարարել, որ ունի գիտելիք, փորձ, բավարար կամք և պատիվ՝ այս կապիտուլյանտների անպատվությունից երկիրը մաքրելու համար:
Բոլորս պետք է հստակ գիտակցենք, որ սա սովորական ընտրություն չէ։ Այս անգամ, ցավոք, ընտրությունը պետություն ունենալու և չունենալու միջև է։ Այս ընտրությունը Հայրենիքը կորցնելու և չկորցնելու միջև է։ Այս ընտրությունը անկախ պետություն չունեցող ժողովուրդներին միանալու կամ դրանից խուսափելու ևս մեկ կամ, նույնիսկ, վերջին շանս ստանալու համար է։ Ես չեմ ուզում, որ իմ թոռնիկները կամ ձեր զավակները իրենց տանը Արարատի նկարի կողքին պատից կախեն Տաթևի վանքի կամ Սևանա լճի պատկերները` որպես կորուսյալ Հայրենիքի ևս մի հատվածի մասին պատմող հուշ։
Սիրելի՛ թիմակիցներ,
Նախորդ երեք տարիներն Հանրապետականը անցավ 2018-ի քավարանով, քաղաքական հետապնդումների միջով, դարձավ ատելության խոսքի թիրախ, ամեն կերպ փորձ արվեց մեզ լռեցնելու, բայց մենք չլռեցինք ու չընկրկեցինք։ Իմ ու իմ թիմակիցների համար այժմ հեշտ է ասել՝ «մենք զգուշացնում էինք», «մենք կանխատեսել էինք» և այլն։ Բայց դրանք այսօր արդեն անօգուտ խոսքեր են. այդ խոսքերը հետ չեն բերելու ո՛չ մեր 5000 նահատակված տղաներին, ո՛չ էլ մեր հայրենիք Արցախի կորսված 75 տոկոսը, ո՛չ տուն են կառուցելու 35.000 փախստականի համար և ո՛չ էլ վերականգնելու են մեր ազգային արժանապատվությունը: Եվ ո՞ւմ մտքով կանցներ, որ հայրենի հողի համար ամենաթանկը՝ իրենց կյանքը տված մեր հերոսները այդ նույն հողում խաղաղ ու հավերժ ննջելու հնարավորություն անգամ չեն ունենա:
Հայաստանը այս դավաճանների պատճառով կորցրել է իր դաշնակիցների հարգանքն ու վստահությունը։ Այս պոպուլիստ և անբարո իշխանությունը լավագույնս ջանացել է միայն մի հարցում՝ որ մենք ազգովի բզկտվենք, թուլանանք, պարտվենք պատերազմում, ու դատապարտվենք դանդաղ մահվան։ Եվ հիմա հենց այդ վիճակում ենք:
Առաջիկա ընտրությունները մահը հաղթելու և վերհառնելու հնարավորություն են։
Այս օրերին երբեմն նկատում ենք, որ փորձ է արվում քաղաքական օրակարգը սխալ ուղղությամբ տանել։ Ես երբեք չեմ եղել «սև-սպիտակի» կամ կործանարար այլ ջրբաժանների կողմնակից։ Իմ գործունեությամբ միշտ փորձել եմ համերաշխություն ու միասնականություն ապահովել մեր երկրի ներսում։ Մեր խնդիրը երկրում կրկին ներհասարակական համերաշխություն հաստատելը և բևեռացումների ճանապարհը փակելն է։ Չկա երկու բևեռ։ Այս դասը պետք է բոլորը սովորած լինեին արդեն։ Մի կողմում կա դավաճան կապիտուլյանտ` իր սպասարկուներով, իսկ մյուս կողմում՝ ժողովուրդ և առողջ քաղաքական դաշտի առաջատար ուժեր։ Մեր նպատակը ոչ թե հերթական բևեռացմանն ու պառակտումներին տանելն է, այլ բոլորի հաղթանակով կապիտուլյանտների իշխանությանը ջախջախիչ պարտության մատնելը։
Ես հաճախ եմ լսում իմ բազմահազար թիմակիցներից, այդ թվում՝ այստեղ ներկա շատերից, արդյո՞ք ընտրություններում հաղթանակի դեպքում, ինչում ես ավելի քան վստահ եմ, պատեհապաշտները դարձյալ չեն հայտնվի մեր շարքերում՝ իմ ներողամտության կամ, գուցե, ոչ հիշաչարության արդյունքում:
Ասեմ այսպես՝ այս ծանրագույն ազգային ճգնաժամում, երբ մեր պետությանը թե՛ ներսից, թե՛ դրսից պատերազմ է հայտարարված, պետք է անկարևոր համարենք ամեն ինչ, բացի պատերազմի ելքը մեր օգտին դարձնելը: Ուստի, բոլոր նրանք, ովքեր պետականակործան տականքի դեմ պայքարի խրամատում կկանգնեն մեր կողքին այս պահից սկսած, կրկնում եմ` այս պահից սկսած, այլ ոչ թե այն պահին, երբ կզգան մեր հաղթանակի հոտը, և իրենք էլ մեզ հետ կլծվեն հասարակության մոլորված մի հատվածին հետ բերելու գործին, մենք ոչ թե ներում, այլ համաներում կհայտարերենք` քանի որ Հայրենիքից թանկ ոչինչ չկա, հակառակ դեպքում՝ ինձ համար նրանք կմնան դասալիքներ՝ բոլոր հետևանքներով հանդերձ:
Եվ վերջում երկու խոսք մեր այն հայրենակիցներին, ովքեր դեռ մոլորության մեջ են:
Այս դավաճանին ձայն տալով՝ դուք համաձայնելու եք Արցախի, իսկ հետագայում Սյունիքի հանձնմանը։ Թույլ եք տալու, որ շարունակվի պատերազմը։ Արդեն 27 օր է՝ մեր ինքնիշխան տարածքում են գտնվում թշնամական զորամիավորումները։ Ամեն օր հովիվներ ու զինվորներ են գերեվարվելու։ Թշնամին նոր գյուղեր ու ավաններ է գրավելու։ Ձեզ չեն հարգելու ոչ դրսում, ոչ ներսում. անարգելու են։ Մենք դառնալու ենք «իզգոյ» պետություն ու ժողովուրդ, որի հետ ոչ ոք չի ցանկանում հաշվի նստել։
Դիմում եմ նաև իմ այն հայրենակիցներին, որոնք հիասթափված են ու անտարբեր.
Հայե՛ր, իմ սիրելի՛ հայեր, դուրս եկեք այդ անտարբերության մահաբեր ու կործանարար թմբիրից:
Կոչ եմ անում մեր բոլոր համակիրներին,
Օգտագործե՛ք այս քարոզարշավը դեռևս նիկոլիզմով ախտահարված ձեր ընկերների ու բարեկամների հետ զրուցելու, նրանց հարցերին պատասխանելու համար։ Օգնեք նրանց։ Նրանք ձեր քույրերն ու եղբայրներն են։ Եղեք համբերատար ու անկեղծ։
Մենք մեր հերոս նահատակներին, իրենց առողջությունը Հայրենիքի զոհասեղանին դրած զինվորներին, սպաներին ու նրանց սերունդներին հաղթանակած և հզոր Հայրենիք ենք պարտք։ Պարտք փակելը նորմալ մարդու համար արժանապատվության հարց է, պատվի հարց է, իսկ մենք պատիվ ունենք:
Աստված բոլորիս զորավիգ։