Պուտինը ստորագրել է Բաց երկնքի պայմանագրից Ռուսաստանի դուրս գալու մասին օրենքը

 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Բաց երկնքի մասին պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին օրենքը։ Համագործակցությունից հրաժարվելու պաշտոնական հայտարարությունից վեց ամիս անց համաձայնագրի մասնակից երկրները չեն կարողանա օգտվել Ռուսաստանի տարածքով դիտորդական թռիչքների իրավունքից, հայտնում է interfax-ը:

Ավելի վաղ Միացյալ Նահանգները դուրս եկավ «Բաց երկնքի մասին» պայմանագրից: Չնայած ներկա նախագահ Ջո Բայդենն այն ժամանակ դեմ էր այդ որոշմանը՝ Վաշինգտոնը, ի վերջո, տեղեկացրեց Մոսկվային, որ հրաժարվում է վերադառնալ պայմանագրին, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Պայմանագրի մասնակից մյուս երկրները հույս ունեին, որ այն կպահպանվի: Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը Մոսկվայի դուրս գալը համարել է «ծանր հարված զենքի վերահսկման համաշխարհային ճարտարապետությանը, որը շոշափելի հետևանքներ ուներ Հյուսիսային կիսագնդում անվտանգության ապահովման հարցում»: Ֆրանսիան ասել է, որ դա խարխլում է «փոխադարձ վստահության և հավաքական անվտանգությանն ամրապնդմանն ուղղված մեր ջանքերը»:

Բաց երկնքի պայմանագիրը թույլ է տալիս անդամ երկրներին արտակարգ թռիչքներ իրականացնել գործընկերների տարածքների վրայով՝ ռազմական օբյեկտները վերահսկելու և զենքի սահմանափակման մասին համաձայնագրերը կատարելու նպատակով:

Պայմանագրից դուրս գալուց առաջ Վաշինգտոնը Մոսկվային մեղադրում էր փաստաթղթի դրույթները խախտելու և ԱՄՆ-ի վրայով արտակարգ դիտորդական թռիչքների իրավունքը չարաշահելու համար: Ռուսաստանը հերքում էր այդ պնդումները: 

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
1lurer.am