Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Գերմանիայի արտգործնախարարները քննարկել են ԼՂ թեման և հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը

Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Գերմանիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը, Ժան-Իվ Լը Դրիանը և Հայկո Մաասը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև հայ-ադրբեջանական սահմանին ու Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը, ինչպես նաև 2020-ի նոյեմբերի 9-ի և սույն թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման գործընթացը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:

Երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են հրադադարի ռեժիմը խիստ պահպանելու կարևորությունն ու ծագած տարաձայնությունները քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը:

Նախարարները հաստատել են Հայաստանի ու Ադրբեջանի բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարումը:

Ռուսական կողմը նշել է, որ միջազգային ցանկացած կազմակերպության ներգրավումը գործընթացին հնարավոր է միայն Երևանի ու Բաքվի համաձայնությամբ: