Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) հիմնադիր և նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին մեկնաբանել է ՌԴ Նովոսիբիրսկի մարզի ճանապարհային ոստիկանի կողմից 19-ամյա ադրբեջանցի Վելիկ Աբդուլաևի չկանխամտածված սպանության, այնուհետև՝ ոստիկանի ազատ արձակման հետ կապված իրադարձությունները:
ՌԴ ճանապարհային ոստիկանի ազատ արձակումից հետո Ադրբեջանի պատգամավորները և հասարակական գործիչները դիմում են հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Վլադիմիր Ժիրինովսկի մեկնաբանել է դիմումը.
«Ադրբեջանի խորհրդարանականները ինչ-որ բողոք են ցուցադրում: Լսե՛ք, ձեր ի՞նչ գործն է: Եթե ադրբեջանցիների համար այստեղ ինչ-որ բան այն չէ, ապա թող վերադառնան տուն»,- հայտարարել է Վլադիմիր Ժիրինովսկին:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին «Սիբիր» մայրուղու վրա ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան, որում եղել է երեք ադրբեջանցի: Երիտասարդները դիմադրություն են ցույց տվել բերման ենթարկելու պահին, որի հետևանքով ոստիկաններից մեկը հրազենով պատահաբար կրակել է Վելիկ Աբդուլաևի գլխին: Վերջինս ավելի ուշ մահացել է: