Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն կոչ է արել Ռուսաստանի Դաշնությանը՝ մինչև սեպտեմբերի 6-ը Վրաստանի կառավարությանը 10 մլն եվրո փոխհատուցում վճարել 1500 քաղաքացիների զանգվածային արտաքսման համար, ներառյալ տոկոսադրույքները, կամ ստորագրել փոխըմբռնման հուշագիր, որը թույլ կտա փոխհատուցում Եվրոպայի խորհրդի միջոցով, գրում է Aliq-ը:
Որոշումը կայացրել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն հունիսի 7-9-ը Ստրասբուրգում կայացած նիստում: Ըստ Վրաստանի արդարադատության նախարարության՝ 2021 թ. մարտի և հունիսի նիստերում Ռուսաստանը հրաժարվել էր վճարումից և պատրաստակամություն էր հայտնել փոխհատուցումը փոխանցել ԵԽ-ին ու հուշագիր ստորագրել Եվրոպայի խորհրդի հետ:
2019-ի հունվարի 31-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը Ռուսաստանին պարտավորեցրել էր 10 մլն եվրո վճարել՝ 2006 թ. Վրաստանի քաղաքացիների զանգվածային արտաքսման ընթացքում մարդու իրավունքների խախտումների համար: Վճարման վերջնաժամկետը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սահմանել էր 2019 թվականի ապրիլի 30-ը, սակայն Ռուսաստանը չի կատարել դատարանի որոշումը: