ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության փորձի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի, որոնցից մեկն ԻԻՀ քաղաքացի է:
Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են այն անձանց ինքնությունը, ովքեր փորձել են ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով «Հերոին» և «Ափիոն» տեսակի թմրամիջոցները:
Քննության տվյալներով՝ 2021թ. փետրվարին ենթադրյալ հանցագործություն կատարած անձը առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3065 գրամ «Հերոին» և 1951.3 գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոցները տեղադրել է Սյունիքի մարզի Ալվանք-Շվանիձոր գյուղ տանող ավտոճանապարհահատվածում՝ փայտե էլեկտրասյան և դրա հենակի միջնամասում՝ հողածածկի տակ:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներն իրացնելիս պարզվել է, որ վերոհիշյալ անձը, դրամական աջակցություն ստանալու խոստմամբ, քննությամբ դեռևս չպարզված անձի հետ համաձայնություն է ձեռք բերել՝ նշված թաքստոցում պահված թմրամիջոցներն այլ վայրեր տեղափոխելու շուրջ:
Մանրակրկիտ մշակված միջոցառման շրջանակներում «Հերոին» տեսակի թմրամիջոցի փաթեթների նմանակները տեղադրվել են Երևան-Արտաշատ մայրուղու տարբեր հատվածներում, որից հետո թմրամիջոցներն իրացնողից տեղեկանալով թաքստոցների վայրերի մասին, հայտնել է Երևանում բնակվող ԻԻՀ 49-ամյա քաղաքացուն, ով թմրամիջոցները վերցնելու պահին ձերբակալվել է:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված լայնածավալ միջոցառումների արդյունքում բացահայտվել է նույն մեխանիզմով կատարված ևս մեկ դեպք:
2021թ. փետրվարի 23-ին նույն եղանակով և, քննության տվյալներով, նույն անձից առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1951.3 գրամ «Ափիոն» և 730 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցներ է ցանկացել ձեռք բերի Երևանի 37-ամյա բնակչուհին, ինչի մասին հայտնի է դարձել իրավապահներին:
Բջջային հեռախոսի հավելվածների միջոցով ստացված նկարներից տեղեկանալով թմրամիջոցների գտնվելու վայրի մասին, դրանք վերցնելու համար կինը պայմանավորվածություն է ձեռք բերել իր մտերիմ տղամարդու հետ։ Վերջինս, ըստ տրված ցուցումների, մեկնել է թմրամիջոցի թաքստոցի գտնվելու վայր, հայտնաբերել տեղադրված հիշյալ թմրամիջոցների փաթեթների նմանակները, վերցրել դրանք, սակայն նույն պահին բռնվել է իրավապահների կողմից:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Իրանի 49-ամյա քաղաքացուն և Երևանի 37-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրանց վերաբերյալ մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Թմրամիջոցներն ապօրինի իրացնողի կամ իրացնողների մասով նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցավոր շղթային մասնակից հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: