«Մենք գալիս ենք անվտանգությունը վերահաստատելու համար, մեր սահմանները ամրացնելու համար, մեր դաշնակից պետությունների հետ հարաբերությունները վերականգնելու և խորացնելու համար։ Մենք գալիս ենք տնտեսական վերելք ապահովելու, գործազրկության, արտագաղթի ու աղքատության դեմ պայքարելու համար»,- այսօր՝ հունիսի 11-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում հանրահավաքում ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Չեմ ուզում խոսել այսօրվա իշխանության մասին․ նրանք վերջացած մարդիկ են, այնտեղ ոչ մարդ կա, ոչ էլ՝ իսան։ Նրանք տնավորվել են կառավարության շենքում»,- ավելացրեց նա։
«Մենք գալիս ենք հասարակության ներսում հանգստություն հաստատելու համար, որովետև ներկայիս մթնոլորտում հնարավոր չէ աշխատել։ Բայց կան ուժեր, որոնք հենց այս մթնոլորտում են իրենց լավ զգում՝ ինչպես ձուկը ջրում։ Նրանք այս վիճակն ստեղծում են, հաճույք են ստանում սրանից և, համոզված եմ՝ նաև շահույթ են ստանում»,- հայտարարեց նախագահ Քոչարյանը։
«Մենք գալիս ենք այդ ամենը վերացնելու համար, խաղաղ աշխատանք ապահովելու բոլորիդ համար։ Գիտեմ, որ Աբովյանն արդյունաբերական քաղաք էր, բայց չեն լինելու աշխատատեղեր, եթե չլինեն ներդրումներ, իսկ ներդրումներ չեն լինելու, եթե վարվի այսպիսի տնտեսական քաղաքականություն, երկիրը լինի անկանխատեսելի, ներսում՝ լարված, և եթե չլինի հարգանք ներդրողների նկատմամբ։ Այս իշխանությունը չի հարգում ոչ ոքի՝ ոչ աշխատատեղ ստեղծողին, ոչ էլ այդտեղ աշխատողին։ Սրանք ստեղծող տեսակ չեն, սրանք քայքայող ու ավերող տեսակ են»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
«Վստահե՛ք մեզ, տվե՛ք մեզ ձեր քվեն։ Մենք պատրաստ ենք մտնել այս բեռի տակ։ Հայցում ենք ձեր վստահությունը և երդվում ենք, որ երբեք այդ վստահությունը չենք չարաշահելու։ Սա՛ է մեր տեսակը»,- ասաց նախագահը՝ դիմելով աբովյանցիներին։