Մոտ 50 պայմանագրային զինծառայող ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»

 Մինչ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսում է բանակում բարեփոխումներ իրականացնելու, պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը բարձրացնելու մասին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին զանգվածային դիմումներ կան։

Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ զինվորականները դժգոհում են, քանի որ չկան տարրական պայմաններ՝ ո՛չ գիշերակաց, ո՛չ սնունդ, ո՛չ էլ անգամ զուգարան։ Այս ամենի հետ մեկտեղ քիչ է աշխատավարձը, եւ վարկեր են առկա։ Եվ գոնե այս հարցերը լուծվեն, իշխանությունները նախընտրական խոստումներ են տալիս, իսկ բանակը դատարկվում է։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին պայմանագրային զինծառայողները՝ մոտ 50 հոգի, արդեն դիմումներ են գրել։ Պարզաբանումներ ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Գեղարքունիքի կորպուսի հրամանատար Հարությունյանի հետ։ Վերջինս հաստատեց, որ նման դիմումներ առկա են։

«Զորացրման զեկուցագրեր ներկայացնելու գործընթացն արդեն 5-6 ամիս է՝ առկա է, բայց դա ծառայության պայմանների հետ կապ չունի։ Այստեղ զուտ աշխատավարձի հարց է, ընտանեկան պայմաններ, եւ միայն պայմանագրայինը չեն, նաեւ սպայական կազմը։ Մարդիկ վարկեր ունեն, հազար հատ խնդիրներ ունեն, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի»,- նշեց նա։ Հրամանատարը ընդգծեց, թե ամեն դեպքում սահմանային իրավիճակը չէ խնդիրը։

«Մարդիկ կան, որ զեկուցագրեր գրել են, բայց սպասում են իրավիճակը հանդարտվի, քանի որ չեն ցանկանում իրենց ստորաբաժանումը լքել, կան դիմումներ, միգուցե ավելանան», – հավելեց նա։

Այսինքն՝ մի կողմից խոստումներ են, մյուս կողմից՝ իրականությունը։

 

armlur.am