Ընդդիմադիր գործիչն Էրդողանին խորհուրդ է տվել դիմել բժշկի

Հունիսի 14-ին Բրյուսելում ՆԱՏՕ գագաթնաժողովի շրջանակներում առաջին անգամ կայացել էր Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ջո Բայդենի հանդիպումը։

Հանդիպումից առաջ Հայոց ցեղասպանության ճանաչման թեմայի վերաբերյալ Էրդողանն ասել էր․ «Սա մեզ համար շատ ցավոտ գործընթաց էր։ Մենք չենք կարող այս հարցն անտեսել ու օրակարգ չբերել, դա ճիշտ չի լինի, որովհետև Թուրքիան պատահական երկիր չէ: Հուսով եմ (Բայդենի հետ) այնպիսի հանդիպում կլինի, որը մոռացության կմատնի ապրիլի 24-ը»։

Մինչդեռ Բայդենի հետ շուրջ 90 րոպե տևած հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահը հայտնել էր, որ Հայոց ցեղասպանության թեմային որևէ անդրադարձ չի եղել․ «Փառք Աստծո, ընդհանրապես օրակարգ չի եկել»։

Էրդողանի այս հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել թուրքական մամուլում և ընդդիմադիր քաղաքական շրջանակներում:

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) անդամ, երկրի նախագահի նախկին թեկնածու, այժմ «Հայրենիք» (Memleket) կուսակցության հիմնադիր Մուհարեմ Ինջեն կոշտ է արձագանքել Էրդողանի հիշյալ հայտարարությանը:

Ինջեն, իր կուսակցության Քարաբյուքի նահանգային գրասենյակի բացման արարողության ժամանակ անդրադառնալով Բայդեն-Էրդողան հանդիպմանը, ասել է. 

«Հանդիպումից մեկ օր առաջ ասել էիր, որ ցավում ես ապրիլի 24-ին ԱՄՆ-ի կողմից այսպես կոչված Հայոց ցեղասպանության ճանաչման համար ու իբր այդ հարցն անպայման օրակարգ էիր բերելու: Լրագրողները հետո հարցնում են, թե արդյոք ապրիլի 24-ի հարցը հայտնվել է օրակարգում, պատասխանում է. «Փառք Աստծո, ընդհանրապես օրակարգում չի հայտնվել»: Այսինքն կարծես մենք մեղավոր ենք ու փառք Աստծո ճեղքել ենք, գործը փրկել ենք»: 

Ինջեն, շարունակելով քննադատությունները, Էրդողանին խորհուրդ է տվել բժշկի դիմել:

«Եթե ​​ասում ես՝ «Փառք Աստծո, որ ապրիլի 24-ի իրադարձություններն օրակարգ չեկան», կարծում եմ՝ դա քաղաքականության գործ չէ, դա բժշկության գործ է, դիմեք բժշկի»:

ermenihaber.am