«Քարոզարշավը մոտենում է ավարտին, և արդեն ուրվագծվել է երկու քաղաքական ուժ, որ էապես առաջ են անցել հայտ ներկայացրած մյուս ուժերից։ Սա հնարավորություն է տալիս ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համեմատություն անել և շատ հանգիստ որակել՝ ովքեր են մրցում և ինչ են իրենցից ներկայացնում մրցակիցները։ Այս մասին Արթիկում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Սովորաբար նման դեպքերում իշխանությունը պետք է գնահատվի իր կատարած աշխատանքով, կատարած խոստումներով։ Ընդդիմությանը փորձում են գնահատել, թե ինքն ինչ խոստումներ է տալիս և արդյոք ունի այն ներուժը խոստումները կատարելու համար։
Գործող իշխանության արածի մեջ ուղղակի բան չկա համեմատելու։ Մի իշխանություն է ձգտում վերընտրվել, որն իր խոստումներից ոչ մեկը չի կատարել, կադրային ռեսուրսով գտնվում է զրոյական կետի վրա։ 2018 թ․-ին իշխանության են եկել մարդիկ, որոնք արժեզրկեցին իշխանություն հասկացությունն ընդհանրապես»,- նշեց նախագահ Քոչարյանը։