«Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով Փաշինյանի՝ Դիլիջանում հոգևորականների հետ կապված հերթական խայտառակ հայտարարությանը, Տեր Հովհաննես Քահանա Հովհաննիսյանը (Դադիվանքի վանահայր) ասաց.
«Կեղտոտ ձեռքերդ հեռու Հայ առաքելական սուրբ եկեղեցուց՝ Հայ առաքելական եկեղեցին եղել է, կա ու կլինի հավիտյանս հավիտենից: Այսօրվա կապիտուլյանտ, հողատու, դավաճան վարչապետ կոչեցյալն իր անունը, իր պիտակը ջնջելու համար փորձում է թիրախավորել, սևացնել բոլորին: Նրա համար սրբություններ չկան: Բայց կապիտուլյանտը չի հասկանում, որ դավաճանի պիտակը Վասակ Սյունեցու վրայից անգամ հազար վեց հարյուր տարի հետո չի մաքրվել: Ինքը չի հասկանում, որ Նիկոլ անունը իր սերնդի ու գերդաստանի համար պատուհաս է դառնալու հավետ:
Երբ ես դուրս եկա Դադիվանքից, ուզում էի ինքնասպան լինել, որ խոստումս չկատարեցի
-Չմոռանանք, որ սա եկեղեցուն ուղղված առաջին հարձակումը չէր:
— Ես դեռևս 2018 թվականին՝ նրանց իշխանության գալու օրվանից էի հասկացել, որ սրանք եկել են հատուկ ծրագրով: Ոչ ոք չի մոռացել, թե ինչպես էին նրանք հարձակվել եկեղեցու վրա, և երեք օր Վեհափառ հայրապետը չէր կարող մտնել Մայր Աթոռ: Նրանք առաջին իսկ օրվանից դպրոցական ծրագրից հանեցին «Հայ եկեղեցու պատմություն» առարկան և հոգևոր հորը արգելեցին այցելել դպրոց և քարոզել քրիստոնեություն: Այս իշխանավորները առաջին իսկ օրվանից եկել էին քանդելու Հայաստան աշխարհը:
Հիշում եք, երբ ես Դադիվանքից չէի ցանկանում դուրս գալ, նոյեմբերի 10-ին, գրեցի. «Նիկոլ, դու ինձնից հարցրե՞լ ես, որ ստորագրել ես Քարվաճառը տաս քո բարեկամներին…Մեր պապերի կառուցած Դադիվանքը քո մի ստորագրությունով հանձնես թուրքերին, դրախտավայր Արցախ աշխարհը հանձնես թուրքերին…Դու ո՞վ ես…Աստված քեզ դատավոր»: Ես հենց այնպես չեմ նշել «քո բարեկամներին» արտահայտությունը: Ես պետք է նոյեմբերի 15-ին դուրս գայի, բայց խոստացա, որ դուրս չեմ գալու: Եվ միայն նոյեմբերի 24-ի գիշերը Վեհափառ հայրապետի բարձր կարգադրությամբ դուրս եկա ընտանիքիս հետ միասին, որովհետև այլևս ապահովված չէր մեր անվտանգությունը: Երբ ես դուրս եկա Դադիվանքից, ուզում էի ինքնասպան լինել, որ խոստումս չկատարեցի, որ չմնացի Դադիվանքում: Բայց լինելով հայ քրիստոնյա՝ ես դա չարեցի, որովհետև Հայ առաքելական եկեղեցու զավակը իրավունք չունի ինքնասպանություն գործելու:
Բայց այս հողատու, կապիտուլյանտ դավաճանը հանգիստ կարող էր և կարող է ինքնասպան լինել, որովհետև ինքը քրիստոնյա չէ և հայ եկեղեցու զավակ չէ: Եվ դա է պատճառը, որ նա առաջինը հարձակվում է հենց հայ եկեղեցու վրա: Հազար յոթ հարյուր տարի ոչ ոք չի կարողացել ծնկի բերել հայ եկեղեցին, բայց հողատուն իր առջև հենց նման նպատակ է դրել: Սակայն ես վստահեցնում եմ ձեզ, սիրելի ժողովուրդ, դա այդ դավաճանի մոտ չի ստացվելու:
Մենք կորցրել ենք Արցախի տարածքի մի մասը, մեր զինվորների մարմինները գտնվում են այնտեղ, ուր թշնամին է՝ գրավյալ տարածքներում, բայց մենք մեզ համարում ենք «հպարտ քաղաքացիներ»: Կարո՞ղ եք ասել՝ պատճառը ո՞րն է, որ մենք հպարտ ենք՝ հպարտությունը մեղք է: Մենք պիտի ապաշխարենք, մեր մեջ պիտի լինի աստվածային սեր. եթե լինի, կգնանք ու կհաղթենք: Մեր տարածքները մեզ են սպասում:
Մեզ գիժ առաջնորդ պետք չէ
-Հիմա էլ ընտրություններ են, և Փաշինյանը մուրճ է ձեռքն առել: Ի՞նչ կհորդորեք հայ ընտրողներին:
-Ժողովո՛ւրդ ջան, էլ ինչ ապացույց է մեզ պետք՝ զոհեր, գերիներ, վիրավորներ, հողերի հանձնում, զոհված նահատակներ պարկերի մեջ՝ նկուղներում պահել:
Հիշեք, թե ինչպես էր Նիկոլը հպարտորեն ասում, թե մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է, և մեր տանկերը հասնելու են Բաքու: Ճիշտ էր ասում, պարզապես մենք չէինք հասկացել, որ մեր տանկերը իրոք հասնելու են Բաքու, որ հետո ադրբեջանական շքերթին մասնակցեն: Դավաճանի կինը ճիշտ էր ասում, թե Շուշիում պետք Է մուղամ լսենք, այսօր լսում են: Ինքը նախօրոք ամեն ինչ ասել է:
Սիրելի՛ հայորդիներ, մեզ գիժ առաջնորդ պետք չէ, մեզ պետք է այնպիսի առաջնորդ, ով մեր երկրին կբերի փայլուն ապագա: Ես չեմ ուղղորդում ժողովրդին, թե ում իրենց ձայնը տան, պարզապես հորդորում եմ, որ օր առաջ հեռացնեն այս հողատու կապիտուլյանտներին՝ իշխանության ղեկից: Ես վստահ եմ, որ շատ դժվարությամբ, բայց մենք հաղթելու ենք։
Դադիվանքի վանահայր տեր Հովհաննեսն առաջին անգամ չէ, որ ստիպված էր զենք վերցնել: Նա արցախյան առաջին պատերազմի ակտիվ մասնակիցներից է, հատկապես աչքի է ընկել Գանձասարի վանքի պաշտպանության ժամանակ՝ նաև քարոզներում մշտապես հնչեցնելով «հետդարձի ճանապարհ չկա՝ հետևում Գանձասարն է» կոչը: Պարգևատրվել է ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով: Ու նման հոգևորականներին դասալիք Նիկոլն անվանում է «կոռումպացված»»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։