Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել մայիսի 25-ին Երևանում՝ Շենգավիթ վարչական տարածքում, 27-ամյա Հովսեփ Դ-ի վրա կրակոցներ արձակած ենթադրյալ կասկածյալի մասին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանների և քննիչների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 21-ին կամավոր ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել Երևանի բնակիչ՝ 40-ամյա Մհեր Ա-ն։
Նա հունիսի 5-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։
Մհեր Ա.-ն քննիչի որոշմամբ կալանավորվել է, քանի որ մինչ այդ, քննչական մարմինը դիմել էր դատարան և նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին կրակոցներ էին հնչել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Շենգավիթի ոստիկանները տաք հետքերով պարզել էին, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 27-ամյա Հովսեփ Դ.-ն է:
Ոստիկանները պարզել էին նաև, որ նա հիվանդանոց էր տեղափոխվել Բագրատունյաց 4-րդ նրբանցքի 21 շենքի բակից:
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել էին BMW 320i մակնիշի 13 DD 331 համարանիշի ավտոմեքենա, որի վրա հայտնաբերվել էին կրակոցի, իսկ ավտոմեքենայի սրահում էլ՝ արնանման հետքեր: