Որքան գումար են ծախսել քաղաքական ուժերն այս ընտրություններին. ամենաշատ ծախսածներն անցել են խորհրդարան․ ՀԺ

 Հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ ընտրություններին մասնակցած ուժերն ընդհանուր առմամբ ծախսել են 1 մլրդ 169 մլն 256 822 դրամ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը հրապարակել է ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի եւ ելքերի վերաբերյալ հունիսի 16-ի դրությամբ եղած տեղեկատվությունը:

Ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերը նախընտրական հիմնադրամներ են վճարել 1 մլրդ 370 մլն 673 654 դրամ, որից ծախսել են 1 մլրդ 169 միլիոն 256  822 դրամը. մնացորդը կազմել է 201 միլիոն 416 832 դրամ։

Այս գումարները վճարվում են հիմնականում թեկնածուների կամ քաղաքացիների նվիրաբերություններից: Օգտագործվում են գովազդների, թռուցիկների տպագրման, տարածքների վարձակալության դիմաց եւ նախընտրական այլ ծախսերի համար:

Ընդհանուր առմամբ ընտրությունների արդյունքում խորհրդարան անցած 3 ուժերի ծախսած գումարները ուղիղ համեմատական են նրանց զբաղեցրած դիրքերի հետ:

Ամենաշատը նախընտրական հիմնադրամ է վճարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 458 միլիոն 54 500 դրամ, որից ծախսվել է 373 միլիոն 154  680 դրամը, իսկ մնացորդը կազմել է 84 միլիոն 899 820 դրամ:

2-րդ տեղում «Հայաստան» դաշինքն է, նրանք վճարել են 309 միլիոն 297 800 դրամ, որից ծախսվել է 245 միլիոն 591 350 դրամը, մնացորդը կազմել է 63 միլիոն 706 450 դրամ:

3-րդը «Պատիվ ունեմ» դաշինքն է, որը նախընտրական հիմնադրամ է վճարել 246 միլիոն 3 հազար դրամ,  ծախսվել է 225 միլիոն 896  979 դրամը, մնացորդը կազմել է 20 միլիոն 106 հազար 21 դրամ:

Հաջորդը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է. նախընտրական հիմնադրամ վճարած գումարն է՝ 87 միլիոն 389  500 դրամ, որից ծախսվել է 81 միլիոն 731 377, մնացորդը կազմել է 5 միլիոն 658  123 դրամ:

5-րդը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է. նախընտրական հիմնադրամ է վճարել 73 միլիոն 30 հազար 200 դրամ, որից ծախսվել է 59 միլիոն 317  531 դրամը, մնացորդը կազմել է 13 մլն 712  669 դրամ:

6-րդը «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունն է. նախընտրական հիմնադրամ է վճարել 53 միլիոն 784  760 դրամ, որից ծախսվել է 53 միլիոն 223  190 դրամը, մնացորդը կազմել է 561 570 դրամ:

7-րդը «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունն է, որը նախընտրական հիմնադրամ է վճարել 47 միլիոն 166  859 դրամ, որից ծախսվել է 39 միլիոն 399  120 դրամը, մնացորդը կազմել է 7 միլիոն 767 739 դրամ:

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը» նախընտրական հիմնադրամ է վճարել 19 միլիոն 470 400 դրամ, որից ծախսվել է 19 մլն 469 հազար 20 դրամը, մնացորդը կազմել է 1380 դրամ:

9-րդը «Հանրապետություն» կուսակցությունն է, որը նախընտրական հիմնադրամ է վճարել 18 միլիոն 654  560 դրամ, որից ծախսվել է 18 միլիոն 580  920 դրամը, մնացորդը կազմել է 73  640 դրամ:

«Հայաստանի դեմոկրատական» կուսակցությունը նախընտրական հիմնադրամ է վճարել 15 միլիոն դրամ, որից ծախսվել է 14 միլիոն 759  121 դրամը, մնացորդը կազմել է 240  879 դրամ:

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը նախընտրական հիմնադրամ է վճարել 13 միլիոն 400 հազար դրամ, որից ծախսվել է 13 միլիոն 305  560 դրամը, մնացորդը կազմել է 94 440 դրամ:

«Ազգային-ժողովրդավարական բեւեռ» կուսակցությունը նախընտրական հիմնադրամ է վճարել 4 միլիոն 114 հազար դրամ, որից ծախսվել է 2 միլիոն 261 հազար 400 դրամը, մնացորդը կազմել է 1 մլն 852 հազար 600 դրամ:

«Հայոց Հայրենիք» կուսակցությունը նախընտրական հիմնադրամ է վճարել 4 միլիոն 65 հազար դրամ, որից ծախսվել է 2 միլիոն 620 հազար դրամը, մնացորդը կազմել է 1 միլիոն 445 հազար դրամ:

14-րդը «Ազգային օրակարգ» կուսակցությունն է, որը նախընտրական հիմնադրամ է վճարել 3 մլն 967 հազար դրամ, որից ծախսվել է 3 մլն 810 հազար դրամը, մնացորդը կազմել է 157 հազար դրամ:

«Ազատ Հայրենիք» դաշինքը նախընտրական հիմնադրամ է վճարել 3 միլիոն 919 875 դրամ, որից ծախսվել է 3 միլիոն 911 հազար դրամը, մնացորդը կազմել է 8875 դրամ:

«Միասնական Հայրենիք» կուսակցությունը նախընտրական հիմնադրամ է վճարել 2 միլիոն 900 հազար դրամ, որից ծախսվել է 2 միլիոն 830 150 դրամը, մնացորդը կազմել է 69  850 դրամ:

Հաջորդը «Ազատություն» կուսակցությունն է, որը նախընտրական հիմնադրամ է վճարել 2 միլիոն 760  200 դրամ, որից ծախսվել է 2 միլիոն 742 հազար դրամը, մնացորդը կազմել է  18  200 դրամ:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը նախընտրական հիմնադրամ է վճարել 2 միլիոն 700 հազար, որից ծախսվել է 2 միլիոն 58  480 դրամը, մնացորդը կազմել է 641 520 դրամ:

«Արդար Հայաստան» կուսակցությունը նախընտրական հիմնադրամ է վճարել 1 միլիոն 611 հազար դրամ, որից ծախսվել է 1 միլիոն 460  594 դրամը, մնացորդը կազմել է 150 հազար 406 դրամ:

«Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունը նախընտրական հիմնադրամ է վճարել 1 միլիոն 500 հազար դրամ, որից ծախսվել է 1 միլիոն 495 350 դրամը, մնացորդը  4650 դրամ է:

«Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցությունը նախընտրական հիմնադրամ է վճարել 1 միլիոն դրամ, որից ծախսել է 953 հազար դրամ, մնացորդը կազմել է 47 հազար դրամ:

Մինչ ինքնաբացարկ հայտնելը «Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան» կուսակցությունը եւս նախընտրական հիմնադրամ վճարում է արել՝ 370 հազար դրամ, որից ծախսվել է 366 հազար դրամը, մնացորդը կազմել է 4 հազար դրամ:

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը նախընտրական հիմնադրամ է վճարել 250 հազար դրամ, որից ծախսվել է 75 հազարը, մնացորդը կազմել է 175 հազար դրամ:

«Հայաստանի Եվրոպական» կուսակցությունը նախընտրական հիմնադրամ է վճարել 200 հազար դրամ, որից ծախսվել է 180 հազար դրամը, մնացորդը կազմել է 20 հազար դրամ:

«Վերելք» կուսակցությունը նախընտրական հիմնադրամ է վճարել 65 հազար դրամ, որն ամբողջությամբ ծախսվել է:

Միակ ուժը, որը նախընտրական հիմնադրամ գումար չի վճարել՝ «Ազատական» կուսակցությունն է:

Արդյունքում կարող ենք փաստել, որ քաղաքական ուժերը միայն նախընտրական հիմնադրամներ կատարած փոխանցումների գումարներով շուրջ 1 մլրդ 170 մլն դրամի ծախս են իրականացրել, իսկ ամենաշատը ծախսած 3 ուժերն էլ հասել են արդյունքի՝ անցնելով խորհրդարան:

Ուշագրավ է նաեւ, որ, օրինակ նախընտրական հիմնադրամ գումար չփոխանցած Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի գլխավորած «Ազատական» կուսակցությունը ավելի շատ կամ շատ դեպքերում քիչ տարբերությամբ ձայն է հավաքել, քան տասնյակ միլիոններ ծախսած ուժերը: