ՔՊ-ի ապագա խմբակցությունը ԱԺ-ում հնարավորություն չի ունենալու Սահմանադրությունը փոփոխել. Վարդան Պողոսյան. «Ազգ»

Քաղաքագետ եւ սահմանադրագետ Վարդան Պողոսյանին դիմեցինք մի շարք հարցեր պարզաբանելու նպատակով:

– Ձեր, նաեւ այլ մասնագետների լուսաբանմամբ, ՔՊ ԱԺ-ում երկու երրորդ չի կարող ապահովել, սահմանադրական մեծամասնություն չի կարող ունենալ, եւ դա պայմանավորված է 1 որոշիչ ձայն չունենալով:

– Հաշվի առնենք, որ մեկ ձայնը վերաբերում է միայն ԱԺ այն որոշումներին, որոնց համար անհրաժեշտ է երկու երրորդ մեծամասնություն: Այսինքն` եթե արդյունքները չեն փոխվում, ուրեմն ՔՊ-ի ապագա խմբակցությունը ԱԺ-ում հնարավորություն չի ունենալու սահմանադրությունը փոփոխել, իմպիչմենթի ենթարկել: Երբ ընդդիմությունն ունի ուղիղ մեկ երրորդը, եւ այս պարագայում ընդդիմությունն էլ բավականին կուռ է եւ արմատական, ի տարբերություն դեռեւս գործող ԱԺ-ի, բնականաբար մեկ երրորդն ունի բավականին հնարավորություն ԱԺ-ում սկզբունքային պայքար ծավալելու այսօրվա իշխանությունների քաղաքականության դեմ: Բայց ռեալիստորեն հաշվի առնենք նաեւ, որ ՔՊ հնարավորություն ունի ցանկացած օրենք ընդունելու, հնարավորություն ունի ցանկացած սահմանադրական օրենք ընդունելու կամ փոփոխելու, դրա համար անհրաժեշտ է երեք հինգերորդ մեծամասնություն, իրենք ունեն այդ մեծամասնությունը: Այդ երկու երրորդը վերաբերում է միայն, ըստ էության, սահմանադրության փոփոխություններին, որը կարեւոր թեմա կարող է դառնալ այս լեգիսլատուրայի ընթացքում՝ հաշվի առնելով, որ շատերը սահմանադրության փոփոխության կամ նոր սահմանադրության խնդիր են դնում: Բայց մյուս կողմից՝ կարեւոր է, որ եթե ընդդիմությունը մասնակցելու է ԱԺ աշխատանքներին, իսկ իմ կարծիքով պարտավո՛ր է մասնակցել, մեծ ակտիվություն ցուցաբերել, հիմա ունի շատ ավելի մեծ իրավական հնարավորություն ԱԺ-ում իր պայքարը ծավալելու համար:

– Նոյեմբերի 9-ի գրավոր թղթի մասին տարբեր ձեւակերպումներ են գործածվում՝ հայտարարություն, արձանագրություն, համաձայնագիր: Ո՞ր տարբերակն է ճիշտ: Այդ թուղթը իրավական տեսակետից ամո՞ւր է: Եթե ճիշտ եմ ընկալում, խորհրդարանական երկրում կարեւոր որեւէ փաստաթուղթ, որ առնչվում է մեր երկրին, մեր ապագային, պիտի հաստատում ստանա ԱԺ-ում: Անընդհատ շրջանառվում է, որ այդ թղթում առկա կետերը իրական կյանք են ստանալու շատ շուտով, Նիկոլ Փաշինյանը, առանց մեր կամքը հարցնելու, ստորագրելու է: Եթե ԱԺ-ում քվեարկության դրվի նման փաստաթուղթ, կարելի՞ է հուսալ, որ ընդդիմությունն ի զորու կլինի չեղարկել այն:

– Թուղթը երեք երկրների միջեւ հայտարարություն է: Այդպես է կոչվում պաշտոնապես, բայց անունը բացարձակապես կարեւոր չէ: Ընդդիմությունը չի կարող չեղարկել, բայց կարող է գործուն մասնակցություն ունենալ ԱԺ-ի համապատասխան որոշման ընդունման գործընթացում: Նախ՝ նոյեմբերի 9-ի հայտարարության բնույթը: Այն միասեռ փաստաթուղթ չէ, տարասեռ, տարաբնույթ դրույթներ է պարունակում: Առաջին դրույթը, որ վերաբերում է զինադադարի հաստատմանը, դրա համար որեւէ վավերացում, հաստատում անհրաժեշտ չէ: Դա անմիջապես ուժի մեջ է մտել՝ այնտեղ նշված ժամկետի համապատասխան: Հայտարարության մեջ ներառված դրույթները տարբեր իրավաբանական ուժ ունեն եւ տարբեր ժամկետներում են ուժի մեջ մտնում եւ ուժի մեջ մտնելու համար էլ տարբեր ընթացակարգեր են նախատեսում: Այն կետերը, որ վերաբերում էին զինուժի դուրսբերմանը «գրավյալ» տարածքներից, իմ կարծիքով, ՀՀ օրենսդրության խախտում էին Փաշինյանի կողմից, որովհետեւ այդ տարածքների նկատմամբ վերահսկողությունը, ըստ Արցախի սահմանադրության, Արցախի Հանրապետության իրավազորության ներքո է: Նման պարտավորություն իր վրա կարող էր վերցնել միայն ԱՀ-ն, բայց ՀՀ վարչապետը իր վրա վերցրեց այդ «առաքելությունը»՝ ըստ գրաֆիկի հանձնեց այդ տարածքները, ընդ որում՝ հանձնեց ժամացույցի ճշտությամբ՝ մոռանալով, որ այդ նույն հայտարարության մեջ կա գերիների հանձնման հարցը, որ պիտի անհապաղ կատարվեին, նույնիսկ չփորձեց դրանք բանակցությունների առարկա դարձնել, որ տարածքը հանձնելու դիմաց ստանար բոլոր գերիներին: Հանձնեց եւ ստեղծեց այն տպավորությունը, որ ինքը տվյալ դեպքում գործում է ոչ թե ի շահ Հայաստանի, այլ՝ Ադրբեջանի Հանրապետության:

Շատ ավելի անհասկանալի է եւ կարելի է հանցագործություն համարել, երբ ինքը առանց իրավական հիմքի, հայկական ուժերը դուրս բերեց հայկական այն տարածքներից, որոնք դեռեւս հայկական վերահսկողության ներքո էին եւ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ պիտի մնային այդ նույն տեղում: Խոսքը Կուբաթլուի եւ Զանգելանի շրջանի որոշ հատվածների մասին է, որոնք ստրատեգիական կարեւորություն ունեն Սյունիքի անվտանգությունը ապահովելու համար, եւ 2020-ի դեկտեմբերին հայկական ուժերը դուրս բերվեցին այդտեղից: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ, ի՞նչ իրավական հիմքով: Ո՞վ տվեց այդ լիազորությունը համապատասխան անձին, որն ինչ-որ փաստաթուղթ էր ստորագրել, որի իրավական կարգավիճակը մենք մինչ հիմա էլ չգիտենք: Փաստաթուղթը շատ պատահական հայտնվեց, հանրությունը տեղեկացավ դրա գոյության մասին, երբ ռուս սպան հանձնեց այն նախկին վարչապետ Բագրատյանին, վերջինս էլ այն հրապարակեց: Այդ հրապարակվածից չի երեւում, թե ովքեր են այն ստորագրել: Տեքստի բովանդակությունից հետեւում է, որ հայկական ուժերը պարտավորվում են դուրս գալ այդ տեղանքից, եւ ըստ էության սահմանվում է այն սահմանագիծը, որ պետք է լինի Սյունիքի մարզում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Հիմա այնուհանդերձ անհասկանալի է, թե այս փաստաթուղթն ո՛վ է ստորագրել:

Եթե այն ստորագրվել է, ասենք, վարչապետի կամ մեկ այլ պաշտոնատարի կողմից, ապա դա անպայման պետք է վավերացներ ՀՀ ԱԺ-ն: Դա նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունից դուրս մի նոր պայմանավորվածություն է՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ինչ-որ տարածքների շուրջ՝ առանց Ռուսաստանի մասնակցության: Նման գործընթաց տեղի չի ունեցել, եւ կարծում եմ, որ ԱԺ-ում, եթե ընդդիմադիր 2 խմբակցությունները իսկապես վերցնեն իրենց մանդատը եւ խորհրդարանում պայքարեն, իրենք պետք է քննիչ հանձնաժողով ստեղծեն հենց այդ հարցով: Ինչո՞ւ հայկական ԶՈՒ-ն դուրս եկավ այդ տարածքներից: Ի դեպ, այստեղ մեկ երրորդ ունենալը շատ կարեւոր է, Սահմանադրությունը նախատեսում է, որ քննիչ հանձնաժողովներ ստեղծելու համար մեկ քառորդը բավարար է, բայց ի տարբերություն քննիչ մյուս հանձնաժողովների, պաշտպանության, անվտանգության հարցերով քննիչ հանձնաժողով ստեղծելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդի պահանջը: «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները ապագա պառլամենտում ունեն մեկ երրորդ: Ի տարբերություն մյուս քննիչ հանձնաժողովների, պաշտպանության, անվտանգության հարցերով քննիչ հանձնաժողովի գործառույթն իրականացնում է հենց ԱԺ-ի համապատասխան մշտական հանձնաժողովը: Բայց այս հանձնաժողովը պարտավոր է քննիչ հանձնաժողովի գործառույթը ստեղծել, եթե մեկ երրորդը դա պահանջում է: Կարծում եմ թե՛ այդ հարցը, թե՛ առավելեւս պատերազմի առաջացման, ընթացքի, պարտության, բոլոր հիմնախնդիրները ընդդիմությունը պիտի վեր հանի այդ քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով եւ պետք է համակողմանի քննություն իրականացվի:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: