Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մտահոգություն է հայտնել աշխարհում` այդ թվում Պաղեստինում, Սիրիայում և Կովկասում չդադարող սուր հակամարտությունների կապակցությամբ․ այս մասին հայտնում է Radio Vatican-ը:
Հինգշաբթի Վատիկանում դիմելով ROACO կրոնական կազմակերպության անդամներին, որը զբաղվում է Արևելյան կաթոլիկ եկեղեցիներին օգնություն տրամադրելով, Սրբազան քահանայապետը հիշել է 2016-ին Հայաստան կատարած այցը և թե ինչպես Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ աղավնիներ է բաց թողել երկինք՝ «իբրև խաղաղության մաղթանք Կովկասի ողջ տարածաշրջանին»:
Նա նշել է, որ այս տարածաշրջանին վերջին ամիսներ վերքեր հասցվեցին։
«Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ այն ուշադրության համար, որը դուք հատկացրել եք Վրաստանին և Հայաստանին, որպեսզի կաթոլիկ համայնքը շարունակի ավետարանական կյանքի նշան և խթան մնալ»,-ամփոփել է Ֆրանցիսկոսը: