Ադրբեջանը, Թուրքիան, Ղրղզստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, և մասնակի Թուրքմենստանը և Պակիստանը շարունակաբար ավելացնում են համատեղ ինտեգրացիոն գործընթացները պանթուրանական նախագծի շրջանակներում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Խոսքը գնում է ոչ միայն ռազմական բաղադրիչի մասին, այլ նաև խորը տնտեսական ինտեգրման։ Իսկ օրինակ թուրք֊ադրբեջանական «երկու պետություն-մեկ ազգ» կոնցեպտը անխուսափելի վերածվում է «մեկ պետություն-երկու թուրքական ազգային միավորում» կոնցեպտին։ Հայաստանյան իշխանամետ շրջանակները, և հենց իշխանության ներկայացուցիչները իրենց ճղում են մեջտեղից, փորձելով հերքել կամ նվազեցնել պան֊թուրանական նախագծի առկայությունը և իրագործումը, սակայն տարածաշրջանային զարգացումները ակնհայտ ցույց են տալիս, որ Թուրքիան հետևողականորեն իրականցնում է այդ նախագիծը, բայց մինչև չկա ցամաքային միավորում Ադրբեջանի հետ՝ Թուրքական մեծ կայսրության վերականգնումը անհնար է ։ Միակ ճանապարհը թուրքերի համար, դա Հայաստանի հարավի անեքսիան է (Սյունիք) և թուրք-ադրբեջանական վերջնական նպատակը հենց դա է։ Մարդ պիտի լինի կա՛մ տգետ, կա՛մ հիմար, կա՛մ դավաճան, որ այս պարզ նախագիծը հրաժարվի տեսնել։ Հենց այս հանգամանքով է պայմանավորված, որ ադրբեջանի նախագահ Ալիևը ուղղակի ցնցումների մեջ է ընկնում, երբ խոսքը գնում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, քանի որ այն րոպեից․ երբ Հայաստանը համաձայնվի նույնիսկ տրանսպորտային ուղի տրամադրել թուրքերին և ադրբեջանցիներին, այդ պահից սկսած մեկնարկում է Հայաստանի մասնատման գործընթացը։ Իմիջայլոց թուրքերը և ադրբեջանցիները իրենց վերջնական նպատակները չեն թաքցնում և զարմանալի է լսել, թե ինչպես են իշխանության ներկայացուցիչները փորձում հերքել դա։ Ասեմ ավելին, մինչև այս տարվա վերջ փաշինյանական վարչակազմը իր պատգամավորներով անելու են ամեն ինչ, որ բացեն սահմանները թշնամու առջև՝ փաստացի Արցախից հետո արդեն Հայաստանի ֆիզիկական ոչնչացման մեկնարկը տալու համար։ Ճիշտ է, իրենք շատ են խոսելու տնտեսական առավելությունների մասին, խաղաղության մասին և ուրիշ անհեռատես և փաստացի շինծու հեռանկարների մասին, սակայն դա իրականում ոչ մի բան չի փոխելու։ Թուրքը արդեն մտել է մեր տուն և սա այլևս իրականություն է, իսկ մնացած «խաղերը» ընդամենը թուրքի նախագծի ներքո են։
Հ․Գ․ Ալիևը հայտարարել է, որ մեծացնում է բանակը և ավելացնում է սպառազինության քանակը Ադրբեջանում։ Իսկ սրանք շարունակում են «պարել» թուրքական տրնգիի տակ՝ համաձայնվելով դեմարկացիայի֊դելիմիտացիայի և սահմանների բացմանը։