Անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների ծնողներն ուզում են, որ ստեղծվի հանձնաժողով, որում ներգրավված կլինեն եւ ԱԱԾ-ն, եւ կառավարությունը, եւ ՊՆ-ն եւ ծնողների ներկայացուցիչները, որպեսզի պատշաճ զբաղվեն այն գործընթացով, որն անհրաժեշտ է անհետ կորածներին ամեն մեկին անհատական մոտեցման համար: Այս մասին, այսօր՝ հունիսի 28-ին, կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ նշեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը՝ փոխանցում է news.am -ը։
«Գերիների ծնողները շատ են եւ եթե 10-15 հոգի եկել ու համաձայնել է, որ ստեղծվի հանձնաժողով եւ բավարարվել է, այն էլ այնպիսի հանձնաժողով, որն իրենց պետք է տեղեկացնի, ապա տեղեկացման համար հանձնաժողով պետք չի ստեղծել: Պետք է ստեղծել հանձնաժողով, որը կկարողանա լիակատար աշխատել եւ ամեն մի հարցին մոտենա անհատական: Որովհետեւ կան ծնողներ, որոնք ինձ զանգում ասում են՝ մեր երեխան դատվում է, վե՞րջ, էլ չի գալո՞ւ: Նրանց պետք է իրավական խորհրդատվություն տրամադրվի, որ այդ բեմադրված դատավարությունը, որ տեղի է ունենում, շոու է միջազգային հանրության համար: Որովհետեւ բոլորս էլ հասկանում ենք, որ ցանկացած ցուցմունք, որը քեզ անհրաժեշտ է, կարող ես ստանալ»,-ասաց նա:
Անդրադառնալով այդ դատավարություններին հայ փաստաբաններ ներգրավելուն, բորիս Ավագյանն ասաց. «Իհարկե, ուրախալի է, որ հայ փաստաբանները պատրաստ են մեկնել Բաքու, բայց նրանց օգնությունն այնտեղ կլինի ոչ արդյունավետ: Ես կարծում եմ՝ անհրաժեշտություն կա հրավիրել միջազգային փաստաբանական կազմակերպություն, որը հնարավորություն կունենա աջակցել մեր տղաներին: Պետք է լինեն միջազգային փաստաբաններ, որոնց վրա այնտեղ ճնշում չի գործադրվի Բաքվում: Մեր հայ փաստաբանները Բաքվում հաստատ կլինեն շատ ուժեղ ճնշման տակ»:
Նա նկատեց, որ ընտրություններից հետո ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը խոստովանել է, որ հայկական կողմից եղել է խոչընդոտ ՌԴ գործընկերներին եւ դա եղել է Արա Այվազյանը, որ ականապատված քարտեզների վերաբերյալ ռուսներին տրվել է տեղեկություն, որ այդպիսի քարտեզներ չկան. «Եթե ԱԽ քարտուղարն անում է այդպիսի հայտարարություն, դա պետք է լինի հիմնավորված: Եթե նա ունեցել է բավարար հիմքեր այդպիսի բան ասելու, ես չեմ հասկանում, թե ինչու մինչեւ այսօր չի հրուցվել քրեական գործ, որովհետեւ դա հանցանք է: Եթե դա այդպես չի, ուրեմն Արմեն Գրիգորյանն է ստում: Դա պարզելու համար գլխավոր դատախազությունը պետք է Արմեն Գրիգորյանի հայտարարությունը ընդունի որպես հիմք քրեական գործ հարուցելու համար: Որ հասարակությունը տեսնի, թե ով է եղել մեղավոր»,-ասաց նա: