Ես շատ ցավում եմ, որ պարոն Հայկ Մարությանն այդպիսի կեցվածք ունեցավ ընտրություններից առաջ. Արայիկ Հարությունյան

 Ներկայում քննարկումներ են գնում, և որևէ որոշումներ կայացած չեն, մի բան կարող եմ ասել` ես խորհրդարան չեմ գնալու, գործադիրում եմ մնալու: Այս մասին «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը: 
Նրա խոսքով` մյուս կուսակիցների ապագա պաշտոնավարումների հետ կապված քննարկումները դեռ ընթանում են: Հարությունյանն անդրադարձել է նաև լուրերին, թե իշխող կուսակցությունը դժգոհ է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից: 
«Ես շատ ցավում եմ, որ պարոն Մարությանն այդպիսի կեցվածք ունեցավ ընտրություններից առաջ և որպես «Քաղաքացիական պայմանագրի» և «Իմ քայլի» կողմից կողմից առաջադրված քաղաքապետ` նախընտրական փուլում ակներև և հրապարակային աջակցություն չհայտնեց «Քաղաքացիական պայմանագրին»: Ցավում եմ դրա համար, որովհետև այն քվեն, որով պարոն Մարությանը դարձել էր Երևանի քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որը ներկայում արդեն երկրորդ անգամ ձևավորելու է կառավարություն: Այս պահին քաղաքապետի հետ կապված որևէ քննարկում մեզանում չկա, սա հստակ կարող եմ ասել»,- ասաց նա: 
Հարցին, թե  հստակ վերաբերմունք է ձևավորվել Մարությանի նկատմամբ Արայիկ Հարությունյանը հաստատեց.   «Այո, կուսակցականների շրջանում էլ նման վերաբերմունք կա, և մենք պետք է հասկանանք, թե այս իրավիճակում ինչպես ենք անում, որ քաղաքական ուժի ներսում տվյալ հարցի հետ կապված ունենանք որոշումներ, բայց դրանից նաև չտուժի քաղաքը և քաղաքային իշխանությունը»:

 

auroranews.am