Մերկելը կփորձի արգելել բրիտանացիների մուտքը ԵՄ անդամ երկրներ․ Times

 Times-ը գրում է, որ այսօր Գերմանիան կփորձի արգելել ԵՄ անդամ երկրներ բրիտանացիների մուտքը՝ անկախ այն բանից՝ նրանք պատվաստվա՞ծ են կորոնավիրուսի դեմ, թե՝ ոչ։ Ըստ Մերկելի՝ Բրիտանիան վտանգ է ներկայացնում մյուս եվրոպացիների առողջության համար՝ այնտեղ տարածված կորոնավիրուսի «Դելտա» շտամի պատճառով։ Ծրագիրը, որը կքննարկվի ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների և առանձին երկրների ղեկավարների հետ ճգնաժամային հանձնաժողովի նիստում, հավանաբար, կհանդիպի Հունաստանի, Իսպանիայի, Կիպրոսի, Մալթայի և Պորտուգալիայի դիմադրությանը, որոնք առանց այն էլ անտեսում են ԵՄ տեղաշարժման անվտանգության կանոնները՝ թույլ տալով բրիտանացի զբոսաշրջիկների մուտքն իրենց երկիր, ինչից մեծապես կախված է այս երկրների տնտեսությունը: Ֆրանսիայի նախագահն իր հերթին սատարել է Անգելա Մերկելին՝ նախազգուշացնելով, որ Հյուսիսային Եվրոպան իրեն տեղաշարժման ներքին սահմանափակումներ մտցնելու իրավունք է վերապահում։ Էմանուել Մակրոնը հայտարարել է խնդրին «ներդաշնակ» մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտության մասին՝ շեշտելով, որ նոր սահմանափակումները պետք է հիմք դառնան նոր համաեվրոպական պատվաստումների անձնագրի ներդրման համար։ Ի պատասխան՝ Բրիտանիայի կառավարությունում աղբյուրները նշել են, որ Մերկելը, կարծես, հայտնվում է ավելի խորը մեկուսացման մեջ՝ հավելելով, որ շատ երկրներ կզգան, որ կարող են ինքնուրույն որոշումներ կայացնել, այլ ոչ թե սպասել, թե երբ դա իրենց փոխարեն կանի Բեռլինը: Հաջորդ ուրբաթ Բորիս Ջոնսոնը մտադիր է իր նստավայրում հանդիպել Գերմանիայի կանցլերի հետ և փորձել համոզել նրան՝ հրաժարվել այս վիճահարույց որոշումից:

Տաթև Ֆռանգյան

 factor.am