Հայաստանում իրականացվող բանակի բարեփոխումների արդյունքում ժամկետային պարտադիր զինծառայության ժամկետը երկու տարուց կարող է դառնալ մեկուկես տարի․ այս մասին ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանի հետ զրույցում։
«Բանակում բարեփոխումների շուրջ վերջին վեց ամսվա ընթացքում լայնածավալ աշխատանքներ են կատարվել, նույնիսկ՝ ընտրությունների ամենաթեժ պահին։ Ե՛վ ԱԽ աշխատակազմը, և՛ պաշտպանության նախարարությունը՝ գլխավոր շտաբի հետ միասին, այլ գերատեսչությունների հետ միասին, ինտենսիվ աշխատել ենք բարեփոխումների հայեցակարգը նախապատրաստելու, ինչպես նաև գործողությունների պլանը մշակելու համար։ Կարելի է ասել՝ հասել ենք հայեցակարգի ձևավորման վերջնական փուլի։ Հույս ունենք, որ մոտակա ժամանակաշրջանում այն արդեն կհաստատենք»,- նշել է Գրիգորյանը։
Արմեն Գրիգորյանը նշել է, որ Հայաստանի բանակը ժամանակի ընթացքում պետք է դառնա պրոֆեսիոնալ։ Նրա խոսքով՝ որոշակի ժամանակ է պետք պրոֆեսիոնալ բանակի ուղղությամբ գնալու համար, բայց ընդհանուր բարեփոխումների տրամաբանության մեջ նաև այդ հիմքն է դրված։
Պետրոս Ղազարյանի ճշտող հարցին՝ խոսքը մոտակա ժամանակի, թե տասնամյակների մասին է, Գրիգորյանը պատասխանել է․ «Մոտակա ժամանակի հարց է։ Մենք նաև մտածում ենք զինծառայության ժամկետը կրճատելու, ինչպես նաև պրոֆեսիոնալ բանակի քանակը ավելացնելու մասին»։