ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Իմ քայլը»-ի պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որի ընդունումից հետո ըստ էության քրեական վարույթ իրականացնող մարմինը կարող է անձին ձերբակալելու որոշում կայացնել՝ անկախ նրանից այդ անձը փախուստի դիմելու նպատակ ունի, թե ոչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց համահեղինակ Նիկոլայ Բաղդասարյանը:
Նա հիշեցրեց, որ նախագիծը վերաբերում է Քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությանը: «Խոսքը վերաբերում է ձերբակալման ինստիտուտին: Գործող օրենսգիրքը բառացի մեկնաբանելիս ստացվում է, որ եթե հանցագործություն կատարած անձը չի դիմում փախուստի, ապա նրան ձերբակալել չի կարելի: Օրինակ, եթե մարդը կատարում է սպանություն, և դեպքի վայրում իրեն հայտնաբերում են, ըստ Քրեական դատավորության օրենսգրքի, նրան ձերբակալելը թույլատրելի չէ»,-ասաց Բաղդասարյանը:
Նախագծի ընդունումից հետո, եթե անձը կատարում է հանցագործություն, ու անկախ նրանից՝ փախուստի դիմելու նպատակ ունի, թե ոչ, եթե կան անհրաժեշտ բոլոր պայմանները, քրեական վարույթ իրականացնող մարմինն իրավունք ունի տվյալ սուբյեկտին ձերբակալել կամ որոշում կայացնել ձերբակալելու մասին:
Գործող 72 ժամի փոխարեն նախագծով սահմանվում է, որ ձերբակալումը չի կարող տեւել 36 ժամից ավելի:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանն անդրադարձավ նախագծի երկու հիմնական փոփոխության: «Մեկը պայմանավորված է ձերբակալման հասկացությունից ձերբակալման նպատակի դուրսբերմամբ, հաջորդ հիմնական փոփոխությունը պայմանավորված է ձերբակալման երկու տեսակների հստակեցմանն ու կանոնակարգմանը՝ մասնավորապես ազատության մեջ գտնվող մեղադրյալի ձերբակալմանը և խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալի ձերբակալմանը»,-ասաց նա:
Քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանվում է, որ ձերբակալումը անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու նպատակով նրան արգելանքի վերցնելն է, հետաքննության կամ վարույթ իրականացնող մարմին բերելը, համապատասխան արձանագրություն կազմելը և այդ մասին նրան հայտարարելը՝ օրենքով որոշված վայրերում ու պայմաններում արգելանքի տակ կարճաժամկետ պահելու համար: