Չինաստանն ունենալու է աշխարհի ամենաուժեղ բանակը. Սի Ցզինպին

 Չինաստանում մեծ շուքով նշվել է երկրի իշխող կոմունիստական կուսակցության 100-ամյակը: Պեկինում կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ է ունեցել երկրի առաջնորդ Սի Ցզինպին և արել Արևմուտքին զգաստացնող հայտարարություններ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Նախագահը կարևորել է ուժեղ բանակ ունենալը: Նրա համոզմամբ՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակը պետք է դառնա աշխարհի ամենաուժեղ զինված ուժերից մեկը՝ պաշտպանելու երկրի ազգային շահերը:

Իր ելույթում Սի Ցզինպինը զգուշացրել է, նաև սպառնացել իր երկրի ներքին գործերին միջամտել ցանկացողներին:

«Չինացի ժողովուրդը «կկոտրի դրսի ցանկացած ուժի գլուխը», որը կփորձի իրեն ստրկացնել: Չինաստանի ժողովուրդը երբեք չի նվաստացրել, ճնշել կամ ստրկացրել այլ ազգերի: Դա անցյալում չի եղել, հիմա էլ չկա և չի լինի»,- ասել է Չինաստանի ղեկավարն ու հավելել.

«Միաժամանակ, Չինաստանի ժողովրդի համար անընդունելի են իրեն ճնշելու և ստրկացնելու՝ արտաքին ուժերի փորձերը: Եվ եթե որևէ մեկը փորձի դա անել, գլուխը կխփի երկաթե պատին»:

Սի Ցզինպինը խոստացել է պահպանել սոցիալական և տնտեսական կայունությունը Հոնկոնգում ու վճռական գործողություններ ձեռնարկել Թայվանում անջատողականությունը վերացնելու ուղղությամբ:

Հոնկոնգի, Թայվանի, ինչպես նաև Սինցզյան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով էլ սրվել են Չինաստանի ու Արևմուտքի հարաբերությունները: ԱՄՆ-ն և Եվրոպան ցեղասպանություն են համարում Սինցզյան քաղաքում ույգուրների նկատմամբ քաղաքականությունը, դեմ են Հոնկոնգի բնակչությանը նախկին ազատություններից զրկելու և Թայվանը Չինաստանին միավորելու՝ Պեկինի որոշումներին: Սի Ցզինպինն ընդգծել է, որ Չինաստանը շարունակում է «հավատարիմ մնալ» Թայվանի վերամիավորման հարցում:

 

armtimes.com