Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ նոր դատական հայց է ներկայացրել։
Թուրքական մամուլում տեղ գտած տեղեկության համաձայն՝ Էրդողանը Քըլըչդարօղլուից 500.000 թուրքական լիրա (շուրջ 57․586 ԱՄՆ դոլար) է պահանջում՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։
Պատճառը այն է, որ նախօրեին Քըլըչդարօղլուն մեջլիսում ունեցած ելույթում Էրդողանի հասցեին վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել:
Միաժամանակ հայցում ընդգծվել է, որ ԺՀԿ առաջնորդը խախտել է Էրդողանի անձնական իրավունքները:
Հիշեցնենք, որ վերջին տասնամյակում Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունից ռեկորդային թվով դատական հայցեր են ներկայացվել, որոնց ճնշող մեծամասնությունը ավարտվել է հօգուտ Էրդողանի։
Արդյունքում Քըլըչդարօղլուն թուրքական տարբեր դատարանների որոշումներով պարտավորվել է միլիոնավոր լիրայի փոխատուցում վճարել Էրդողանին՝ վերջինիս վերաբերյալ իր ելույթներում հնչեցրած գրեթե բոլոր բացասական կամ քննադատական արտահայտությունների համար։