Երեկ՝ հուլիսի 1-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալաթիայի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի ծառայողները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզել են հունիսի 28-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցում գործող «CREDՕ» վարկային կազմակերպության Մալաթիայի մասնաճյուղում զենքի նմանվող առարկայով դիմակավորված ավազակային հարձակում կատարողի ինքնությունը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչներն այնուհետև դարանակալումներ են իրականացրել այդ կասկածյալի հավանական գտնվելու վայրերում, ապա կատարել բացատրական աշխատանքներ։
Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ՝ 40-ամյա Աշոտ Դ-ն է, ով երեկ, կեսգիշերին մոտ, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ նրան ոստիկանները ներկայացրել են Մալաթիայի քննչական բաժին։
Աղբյուրը հայտնում է, որ կասկածյալ Աշոտ Դ-ն Երևանում գործող ընկերություններից մեկի մենեջեր է և ունեցել է վարկային պարտքեր և ըստ իր հայտնածի՝ դա է եղել պատճառը, որ դիմել է այդ քայլին։ Նրա նկատմամբ այս պահին էլ Երևանի դատարաններից մեկում գործ է քննվում։
Աղբյուրը հայտնում է նաև, որ կատարված ավազակային հարձակման մասին ոստիկաններին ահազանգել էր Արմավիրի մարզի բնակչուհի՝ 29-ամյա Գայանե Գ-ն, ով աշխատում է նշված մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։