Այսօր առավոտյան Գյումրու ավտոկայանի մերձակա հատվածի տներից մեկի պարսպի տակ անցորդները բարուրով փաթաթված նորածին երեխա են գտել, ահազանգել են շտապ օգնություն, շտապ օգնությունը երեխային տեղափոխել է Ավստրիական մանկական հիվանդանոց: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ հիվանդանոցի վերակենդանացման բաժնի բժշկուհի Մարգարիտա Հարությունյանից:
Մարգարիտա Հարությունյանը նշեց, որ անցորդը շարժ է նկատել, մոտեցել է, տեսել է, որ նորածին տղա երեխա է: «Երեխան հիմա մեզ մոտ է, այստեղ է տեղափոխվել սառած, կապտած, սրտի տոների հազվականությամբ ու ցածր ճնշմամբ: Հիմա երեխայի առողջականը դեպի լավացման է գնում»,-ասաց բժշկուհին ու հավելեց, որ փոքրիկն ամենաշատը 6 ժամ առաջ է ծնվել, պորտալարը դեռ թաց էր:
Բժշկուհին նշեց, որ երեխայի ինքնությունը դեռ պարզ չէ, Ոստիկանությունը զբաղվում է հարցով: