Այսօր Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում փոխհրաձգության հետևանքով երկու զինծառայող է վիրավորվել։ Հանրային հեռուստաընկերության եթերում լուրը հայտնեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ սա Ադրբեջանի կողմից կազմակերպված հերթական սադրանքն է։ Հայ զինծառայող, բարեբախտաբար թեթև վիրավորում են ստացել։
«Մեր կարծիքով` նաև որոշ հայտարարություններ, որոնք մինչև այս հնչել են ՀԱՊԿ-ի կողմից, հնարավոր է նաև, որ սրանք են որոշակի ձևով ազդել։ Որովհետև մեր հիմնական անհանգստությունը պարոն Զասի տված հարցազրույցի այն էր, որ խաղաղ հանգուցալուծման գործընթացի վրա կարող են ոչ կառուցողական հայտարարությունները բացասական ազդեցություն ունենալ։ Կարծում ենք, որ Ադրբեջանին նման հայտարարությունները պրովոկացիայի դիմելու որոշակի հիմքեր են տալիս, և նա դա է պատճառը, որ մենք քննարկումներ ենք սկսել, որ բացառենք հետագայում նման հայտարարությունները»,- նշեց Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարի խոսքով՝ սահմանի կայունությունն այս պահին փխրուն է։ Մեծ ջանքեր են գործադրվում, որ այնպիսի միջավայր ու պայմաններ ստեղծվեն, որ հնարավոր լինի հետագայում խուսափել նման միջադեպերից։
«Էս պահին կոնկրետ բանակցություններ են ընթանում սահմանին ռուսական սահմանապահ ուժեր տեղակայելու և նման միջադեպերը բացառելու համար։ Գործընթացը սկսվել է, բայց այս պահին դեռ չենք կարողացել հասնել ամբողջական լուծման, բայց հույս ունենք, որ բանակցությունները կկարողանանք շարունակել և մոտ ապագայում կունենանք մի այնպիսի իրավիճակ, որ այն տարածքում, որտեղ մայիսի 12-ից ճգնաժամ է սկսվել, տեղակայվեն ռուսական սահմանապահ զորքերը, այնուհետև լինի սահմանազատում և սահմանագծում»,- հայտարարեց ԱԽ քարտուղարը։
Գրիգորյանը հստակեցրեց՝ խոսքը Սև լճից մինչև Շորժա սահմանային հատվածի մասին է։